Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Կարմիր թշերով

Կարմիր թշերով

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,588 կտտոց

Մեր գյուղն է, մեր սարերը, բալենին, խնձորենին, ճանապարհը, սա էլ տատիկիս ու պապիկվս տունը, ամեն ինչ նույնն է, բայց էլ էն չէ…
Էս գյուղը աշխարհի ամենասիրուն տեղն էր, անունը մանկություն էր… Մի օր ճամփան կորցրի, հետո, երբ էլի հայտնվեցի, տեսա բալենին, խնձորենին, խրճիթը, սարերը, հասկացա, որ անդարձ մոլորվել եմ: Էլ ճամփա չկա… Ճանապարհ գտնելը այս տեխնիկայի, մեքենաների թագավորության դարում մի մեծ բան չէ, բայց փնտրածս էնքան էլ ճանապարհը չէր, կյանքն էլ google-ը չէ, որ ուզածդ փնտրես ու գտնես, կյանքում կան բաներ, որ երբեք չէս բերի…

Բելլան կարճ մազեր ուներ: Մի տարիքի էինք, մի բոյի:  Երբ դասի էինք գնում, ինքը շուտ էր տնից դուրս գալիս: Սիրուն կարմիր թշեր ուներ: Փոթորկի նման էր իջնում, վազելով, հեղեղի պես, նրանք գյուղի ամենածերն էին ապրում, գյուղի վերջում: Երբեք չեմ տեսել ինչպես է իջնում, բայց լավ էի ճանաչում նրան, որ պատկերացնեի: Միշտ քնած էի: Փոթորկի պես էլ արթնացնում էր ինձ, շատ կրակոտն էր: Հետո վազում էինք` կիսահագնված ու լվացված:

Բելլան նկարեց մանկությունս, կարմիր թշերով մի իսկական մանկություն նկարեց, ճիշտ իր նման: Ես նրան շատ գեղեցիկ էի համարում, ուզում էի նմանվել նրան:

Տատիկս իր համով բարբառով սիրտս դաղում էր` ամեն անգամ ասելով.

-Ընիգ սև է, Անիիս պես խաս ու սիրուն չէ…

Ես ուզում էի կռվել հետը, թողել-գնալ, այլևս չխոսել տատիկիս հետ, ապացուցել, որ ասածը ճիշտ չէ, բայց մի բան իմ մանկական գիտակցությանը հուշում էր, որ ես անկարող եմ, որ «խաս»-ը կարևոր էր գյուղի տատիկ-պապիկների համար, ու երբեք չես բացատրի, որ Բելլայի կարմիր թշերը արդեն խելագարվելու չափ սիրուն են…

Բելլան տատիկի անունն ուներ, ու թեև Բելլա տատը աշխարհի ծերն էր ապրում, էնպես էր ստացվել, որ նա ու տատիկս բարեկամություն էին անում, ուրախ էին մեր ընկերության համար:

Չէի սիրում Բելլա տատի աչքին երևալ: Մի հայացք ուներ, որ երբ գցում էր վրաս, այդ անտանելի «խաս» բառն էի հիշում, որը, ինչպես հետո պարզեցի, սպիտակ էր նշանակում: Ես զգում էի, որ Բելլային նայելիս նա այդ բառի մասին չի մտածում, ես ատում էի իմ ու ընկերոջս մեջ այդ ամեն տեսակի տարանջատումները: Ու բացի այդ էլ մենք մեր խնդիրներն ունեինք, ու հեչ պարտադիր չէր ավելի բարդացնել մեր կյանքը:

Մեր խնդիրը Նարեն էր, ավելի ճիշտ նրա երկար ու սիրուն մազերը: Իմ մազերը կարճ էին, դա կառե ասվածն էր, Երևանում էին արել, մինչև գյուղ գալս, երևի Երևանում սիրում էին դա: Բայց մեզ ի՞նչ, ես ու Բելլան երկար մազերի մասին էինք երազում… Հատկապես նա: Գիտե՞ք` նրա մազերը տղայի մազերի նման էին կտրած, ծիծաղելի էր, բայց ինքն էլ հաչախ տղայի էր հիշեցնում: Միևնույն է, ես սիրում էի նրան, ու նա ինձ համար շատ գեղեցիկ էր: Դե, չեմ վիճում, ես էլ Նարեի հանդեպ մի երանելի բան էի զգում, նա նման էր կարդացածս հեքիաթների արքայադուստրերին: Նրա մայրը գյուղի դպրոցի երգի դասատուն էր, նա միշտ սանրում ու շատ կոկիկ հագցնում էր աղջկան, չէին թողնում բակում երկար մնար, այդ ճենապակյա տիկնիկը երբեք գոմ չէր մտնում: Ես մի տեսակ ակնածանք ունեի նրա հանդեպ, բայց և ջղային մի բան կար մեջս: Ինձ մնար ես ուղղակի կկտրեի նրա մազերն ու կտայի Բելլային, որ այլևս այդպես չնայի տիկնիկին, որ մոր ձեռքը բռնած, փոքրիկ ու նուրբ քայլերով իջնում էր դպրոց:

Հաճախ, երբ ճանապարհին հանդիպում էինք նրանց, մեր վայրենի ու փոթորկոտ վազքը դադարեցնում էի, իսկական մի դավաճանի նման մտնում քաղաքավարի խաղերի մեջ: Բելլան այնքան պարզ էր, որ «դավաճանությունս» չէր էլ ընկալում, բայց մեղքի զգացումը, միևնույն է, ինձ տանջում էր, հատկապես այն պահերին, երբ հիշում էի Բելլայի հայացքը, որը ծնվում էր, երբ սկսվում էր ճենապակյա շքերթը: Բելլայի մայրը շատ երեխաներ ուներ: Երևի երբեք նրա մտքով չէր անցել սանրել աղջկա մազերը, նա այդ ժամանակ հաց էր քամում իր հազար ու մի ճտերի ու հենց Բելլայի համար:

Մի անգամ լուր տարածվեց գյուղում` կրկես է գալու… Մենք երբեք նման բան չէինք տեսել, բայց զգացողություն կար, որ դա հեքիաթային մի բան է: Ընկերոջս ու իմ մեջ էնպիսի երջանկություն էր լցվել, ինչպիսին կարող էր պատահել երեխայի հետ, ով առաջին անգամ պիտի կրկեսում լինի: Միայն ծաղրածուներին պատկերացնելիս արդեն երջանկանում էինք, այդպիսի խանդավառություն երևի էլ երբեք չապրեցի:

Մորաքույրս դպրոցում հայոց լեզվի դասատու էր, ու էնպես էր ստացվել, որ էդ հեքիաթի համար չարաբաստիկ փող ասվածը նա էր հավաքում:

Բելլայենց տուն փող շատ քիչ էր մտնում ու շատ արագ դուրս էր գալիս: Եթե կարագ էր պետք կամ հաց, կամ խնձոր, կամ կաթ, ապա դրա համար փող բոլորովին էլ պետք չէր, այդ ամենը ծնվում ու մեռնում էր հենց նրանց տանը:

Դասի էինք, երբ մորաքույրս հարցրեց, թե տոմսերի փողն ով է բերել, ես պտտվեցի ու նայեցի Բելլային, սիրտս արագ էր աշխատում, ես շատ էի վախենում այդ պահից, ինձ թվում էր, թե մեր երազի կրկեսային հսկա վրանը շուռ եկավ հենց գլխիս, վախենում էի Բելլայի հեքիաթի համար: Մորաքրոջս բերանից դուրս թռած այդ բառերի ու Բելլայի պատասխանի միջև եղած ժամանակը ինձ դարեր թվաց: Բելլան կռացավ ու մաշված պայուսակից տասը հատ ձու հանեց.

-Մամաս ըսեց, որ ըսիգ տամ ձեզի ընկե’ր Հակոբյան…

Մի հռհռոց պայթեց, երեխեքը սկսեցին ծիծաղել. զզվելի հռհռոցը ականջներս դաղում էր, ու աչքս ընկավ Նարեի կողմը: Ես այդ պահին կորցրի ամեն զգացում, որ երբևէ տածել էի նրա հանդեպ, այդ զզվելին մի ամբողջական քաղաքավարի սրիկա էր, նա ուղղակի հրճվել էր: Ես ուզում էի խեղդել ու սպանել նրան, երազում էի, որ դույլերով ջուր ու ցեխ լցվեր հռհռացողների գլխին:

Մորաքույրս ձայն չհանեց: Անտանելի դասը երկար շարունակվեց, չէի շրջվում, Բելլային չէի նայում, վախենում էի: Միայն այն միտքը, որ նա վիրավորվել է այդ գազանների հռհռոցից, ինձ տանջամահ էր անում: Երևի կարմրել էր, թեև թշերի բնական կարմրությունը չէր թողնում դա տեսնել, ես միշտ նկատում էի:

Զանգը տվեց, ես մորաքրոջս հետևից ուղղակի սլացա.

-Մորքո’ւր, խնդրում եմ` վերցրո’ւ հավկիթները, շա՜տ եմ խնդրում:

Աչքերիս մեջ մտած նրա աչքերը նախատում էին ինձ: Ես լավ էլ գիտեի, որ նա կնախընտրեր, որ ես Նարեի ընկերուհին լինեի, ես լավ էի հասկանում դա: Մայրը նրա գործընկերն էր, աղջիկն էլ `սիրուն, հարդարված տիկնիկ: Չէի ուզում, որ նա այդ մասին բառ անգամ ասի, վախենում էի: Ես դա հասկացել էի այն ժամանակ, երբ ես ու Բելլան իրենց Նարգիզ կովին սար տարանք ու ուշացանք: Մեզ շատ էին փնտրել: Տատիկս երևի մի հազար անգամ կրկնել էր.

– Աման, ըդիգ մուխանաթ երեխա է:

Իսկ երբ բանը հասել էր մորաքրոջս, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչեր է մտածել ու խոսել:

Ես մուխանաթ էի, հա’, այսինքն` բառացի թարգմանած` վտանգավոր:

Մինչև վեց տարեկանը մեր տունը քաղաքում էր, ապրում էի ծնողներիս հետ, թեև դա ընդհանրապես չեմ հիշում: Երբ եղբայրս ծանր հիվանդացել էր, ծնողներս, այլընտրանք չունենալով, ինձ ուղարկել էին տատիկիս տուն մի քանի օրով, բայց հիվանդություն կոչվածը օրը ամիս դարձրեց, ամիսը` տարի, տատիկս էլ` ոչ տարավ, ոչ բերեց ու ինձ դպրոց տարավ:

Հա’, նրանց ուսերին մեծ պատասխանատվություն կար, պիտի մի օր վերադարձնեին ինձ: Մի խոսքով ես մուխանաթ երեխա էի, բառ, որը ատում էի, քանի որ ինձ հիշեցնում էր ճենապակի, Նարեին, նրա մորն ու նրանց կոկիկ տունը (չգիտեմ էլ, թե ինչո’ւմ էի նույնացնում):
Ու երբ մի օր կորա Բելլայի հետ, մորաքույրս ու տատիկս մի իսկական պատերազմ սարքեցին: Ես հասկացա, որ մեր արկածները մորաքրոջս հեչ էլ դուր չեն գալիս:

-Մորքո’ւր, խնդրում եմ` վերցրո’ւ հավկիթները, շա՜տ եմ խնդրում:

Նրա այդ հայացքը հոգումս ամեն ինչ խառնեց: Մուխաննաթյա ճենապակիական այդ հեղձուցիչ օդը շուտով մաքրեց մի սովորոկան բառ.

-Լավ…

Վազեցի, գրկեցի Բելլային, որը, ի դեպ, այդքան էլ չէր նեղացել հռհռոցից: Ու մենք նորից մտանք հեքիաթի մեջ, շատ երջանիկ էինք:

Հետո ուրիշ օրեր եկան: Աշունը եկավ: Մի օր մտա տուն, տեսնեմ` ավագ և կրտսեր Բելլաները մեր այգում են, տատիկիս մոտ հանգստանում ու մուրաբայով չայ էին խմում:

– Բե’լլ, արի սար գնանք:

Խաշած ձու վերցրինք, լավաշ, կանաչի: Բարձրացանք, խաղացինք վազվզեցինք, հաց կերանք:

-Ա’ն, տատիկդ ըսեց, որ պապադ բըդի գա…

Շատ տխուր էր, երբեք նրան այդպես չէի տեսել, նա ամեն տեսակ տխրություն թեթև տանելու սովորություն ուներ ի տարբերություն ինձ, բայց այս անգամ արտառոց էր դեպքը: Ես երևի էնքան բան զգացի էդ պահին, որ դրա ամփոփ վիճակը նման էր ոչ մի բան չզգալուն:

Բելլան ճիշտ էր: Մի առավոտ շատ շուտ հայրիկս եկավ, էնքան արագ եղավ ամեն ինչ, էնքան արագ: Շորերս, պայուսակս` ամեն ինչ մի րոպեում հավաքվեց, պապաս ձեռքս բռնեց, ու ճանապարհ ընկանք: Տատիկիս ու պապիկիս խեղճ դեմքն եմ հիշում: Պապիկս ինչպես միշտ լուռ էր:

-Քա, բալա’ ջան, մենք առանց քեզի ի՞նչղ բըդի ապրինք… Տաք հագե՞լ ես… Բրդից նասկիներդ, Անի’…

Ձայնը քիչ-քիչ հեռացավ ու մի պահ էլ վերացավ: Հետո ես հայտնվեցի քաղաքում` քառակուսի, աղմկոտ արկղի մեջ:

Բելլան… Ես նույնիսկ հրաժեշտ չտվեցի նրան: Ի՞նչ է նա հիմա մտածում, ո՞ւր է, կարո՞ղ է նեղացել է, էսօր Նազիկին մենա՞կ արտ տարավ:

Ես հարցերը գիշերվա քունս տարլ էին: Ես լաց էի լինում` թաքուն, որ մաման չնկատի:

Հետո օրերն անցան, ինձ նոր դպրոց տարան, որը հեչ էլ դպրոցի նման չէր, իմ դպրոցը լրիվ ուրիշ էր: Բոլոր երեխեքի անունն էլ Նարե էր: Հետո պարզեցի, որ քաղաքի անունն էլ Նարե է, մարդկության անունն էլ, ու որ բոլորն էլ մուխանաթ են, ճենապակիով սնվող:

Բելլա չկար, ոչ մի տեղ չկար, ես սաստիկ կարոտում էի նրան, մեր տունը, տատիկիս, պապիկիս, դպրոցը, նույնիսկ իսկական Նարեին, որն իմ կյանքում բնօրինակ էր, և որի պատճենով էր լցված աղմկոտ տուփը:

Օրեր էին անցնում…

Ամեն քաղաք եկողին հարցեր էի տալիս, զզվեցնում մարդկանց: Հետո հարցերս քչացան, ես էլ քիչ-քիչ սկսեցի ճենապակի ուտել, քիչ էի հիշում գյուղը, հարցեր գրեթե չունեի այլևս: Երբ տատիկս մեկ-մեկ ժամանակավոր հյուր էր գալիս, հետը մանկությունս էր բերում, հարցեր էին ծնվում:

-Բելլան միշտ հարցնե գը` Անին ի՞նչղ է:

Այդ ամենը մի քանի օր էր տևում: Հետո մարդիկ քչացան, մի օր էլ էնքան, որ ընդհանրապես վերացան…

Մեր գյուղն էր, սարերը, տունը, բալենին, խնձորենին, դատարկ էր տունը: Ճանապարհը ուշ գտա, կորել էի, մանկությունս փախել, թաքնվել է, չկար: Դատարկ էի, տատիկս ու պապիկս այլևս չկան: Մի օր գնացին հեռո՜ւ-հեռո՜ւ, ու այլևս չտեսա նրանց: Տունը կիսաքանդ է, պատերին խոտ է աճում, խնձորենին կա, բալենին չորացել է, սարերն էլ մի տեսակ են չեն:

Բելլային էի փնտրում, չէի գտնում, ժամանակս կարճ էր, չէի կարող սարը բարձրանալ:

Նարեենց տունը մեր տանը մոտ էր, քայլեցի դեպի այդ կողմ: Բակում մոտ 17 տարեկան աղջիկ կար, ինչ-որ մանր գործով էր զբաղված, նրբիկն էր, բայց անշուք, քաղաքային բան կար մեջը, բայց վատն էր, թերի, քաղաքին մոտ էր ու գյուղին էր էր մոտ, կիսատ-պռատ բան կար մեջը, երկար մազերն ինձ ստիպեցին մոտենալ: Նարեն էր, հիշեցինք իրար, ուժեղ էի գրկել, փոքրիկ երեխայի նման, որ խաղալիքներից գոնե մեկը գտել էր: Նա ինձ հիացմունքով էր նայում` երազային հայացքով, երևի հոգեհարազատ բան էր գտել: Չեմ ժխտում` քաղաքայնին մի տիկնիկ դառնալուց ես չէի խուսափել:

– Նա’ր, Բելլան, Բելլան ո՞նց է, ո՞ւր է…

-Բելլային ամուսնացրին…

Բելլա, կարմիր թշերով իմ մանկություն… Տեսնես ուրա՞խ ես:

Դե, գյուղում ընդունված է, ախր, փոքր էիր… Տեսնես` երջանի՞կ ես…

Չէի ընկալում, համակերպվում, ինձ համար դու միշտ յոթ տարեկան ես մնալու, միշտ երազ, հեքիաթ, մանկություն, Բելլա…

Հետո ինձ օտար զգացի, հետո` ճանապարհ, փողոց, աղմկոտ քաղաք…

Մեր գյուղն էր, սարերը, բալենին, կովերը, խնձորենին, խրճիթն էր, տատիկս, պապիկս, Բելլան էր…

Անի Ամսեյան, Երևան, 18 տարեկան, Երևանի մշակույթի պետական քոլեջ 

Advertisements

1 Comment

  1. Անահիտ says:

    …Հետո օրերն անցան, ինձ նոր դպրոց տարան, որը հեչ էլ դպրոցի նման չէր, իմ դպրոցը լրիվ ուրիշ էր: Բոլոր երեխեքի անունն էլ Նարե էր: Հետո պարզեցի, որ քաղաքի անունն էլ Նարե է, մարդկության անունն էլ, ու որ բոլորն էլ մուխանաթ են, ճենապակիով սնվող…

    Էս տողերից սկսած մինչեւ վերջ հրաշալի է գրված, շնորհակալություն

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: