Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Ծերունու երազը

Ծերունու երազը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Ծանր շնչում էր ալեհեր ծերունին: Սրտի զարկերը ընդհատ-ընդհատ հնչում էին՝ կարծես ականջի մեջ: Մարմինը սառը քրտինքով էր պատվել: Սակայն, դեմքին խոր ակոսներ գծված, ծերունին չէր կարողանում արթնանալ ծանր քնից: Ողջ գիշեր մահասարսուռ մղձավանջները կեղեքել էին խեղճ ծերունու սիրտը: Սուր փշերի պես մխրճվել էին մտքերի մեջ և, մրմուռ առաջացնող ծակոցներով, պարփակել էին միտքն ու հոգին: Գրեթե մեկ դար ապրած ծերունին անօգնական էր այդ պահին: Անզոր էր իրենից վանելու հեռավոր ու դաժան օրերի սրտակեղեք պատկերները: Երբ մանուկ էր, մոր փեշից կառչած, թուրքի յաթաղանից մազապուրծ, արնոտած ոտքերով փախչում էր անապատով: Ու հանկարծ մայրն ընկավ. իր մարմնով ծածկեց զավակին, որը սարափից լալկվել էր: Մոր անշունչ մարմնի ծանրությունն իր վրա զգաց, մղձավանջներից սթափվեց ծերունին:

Արևի շողերը թանձր վարագույրների ճեղքից մխրճվել էին սենյակի կիսախավարի մեջ: Բաց պատուհանից սենյակը լցվել էր վաղորդյան զովով: Ստվերները հետզհետե հետ էին ձգվում:

Այգաբացի շունչը փոքր-ինչ թոթվեց ծերունու կիսարթմնի խոնջանքները:

-Տե՛ր, փա՛ռք քեզ հավիտյանս, որ այսօր էլ բացվեց առավոտը,- մրմնջաց ծերունին ու վեր կացավ անկողնուց: Հագնվեց և ծանր քայլերով դուրս եկավ տնից: Սակայն, օ՜, հրա՛շք: Բակը լցված էր թոնրի մեջ թխվող լավաշի խենթացնող բույրով: Սակայն դա չէր հրաշքը, այլ այն, որ ծերունին հայտնվել էր հեռավոր Էրգրում թողած հայրենի տան բակում: Շունչը պահած ծերունին առաջ գնաց: Նա չէր զգում մարմնի ծանրությունը: Ահա թոնրատնից լսվում էին կանացի աշխույժ ձայները: Լսվում էր թոնրի կողին զարնվող դափի ձայնը, և այդ խենթացնող բույրը…

Հետզհետե թեթևացան ծերունու քայլերը, անցավ ականջներում հնչող խշշոցը և մանկացած ծերունին նետվեց թոնրի կողին նստած մոր գրիկը: Կարծես ոչինչ էլ չէր եղել, չէին անցել տարիներ: Ծերունին մանուկ էր՝ մոր կրծքին կպած: Ահա լսվում էր զնդանին զարնող մուրճի ձայնը՝ դարբին հայրն էր բանում մոտակա դարբնոցում: Մայրը շոյում էր զավակի գլուխը ու երդման պես հաստատ, աղոթքի պես հավատքով ասում.

-Էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի:

-Արթնացի՛ր, հայրի՛կ, արթնացի՛ր, երևի վատ երազ ես տեսել:

«Երա՞զ, երազի՞ մեջ»,- մտածեց ծերունին:

Որդու օգնությամբ վեր կացավ ծերունին: Մոր խոսքերը պատգամի պես դրոշմված էին նրա գլխում:

-Դեռ կբացվի հայի առավոտը, որդի՛ս, դեռ կշողա հայի արևը, – երազի մեջ լսած մոր խոսքերը հնչեցին ծերունու շուրթերից:

Հոր տարօրինակ պահվածքից անհանգստացած որդին հարցրեց.

-Ին՞չ է պատահել հայրի՛կ, արդեն առավոտ է, և արևն արդեն շողում է:

-Չէ՜, զավակս, հայի առավոտը դեռ նոր է բացվելու, երբ կամոքվի հայի դարերից եկող կսկիծը, երբ ոսոխը պատասխան տա իր գործած ոճիրի համար, երբ տառապյալի դրոշմը ջնջվի հայի ճակատից, այնժամ կշողա հայի արևը: գուցե ես դա չտեսնեմ, բայց դու՛ և քո որդի՛ն պարտավոր եք տեսնել: Ծերունու խոսքերը ստիպեցին որդուն մի պահ լռել: Նա փորձում էր հասկանալ հոր անսովոր պահվածքի պատճառը: Չէր ուզում հարցեր տալ՝ վախենալով ավելի հուզել առանց այն էլ հուզված հորը: Շատ էր նա լսել հոր սարսափազդու պատմությունները գաղթի ճամփին տեղի ունեցածի մասին: Ամեն գիշեր լսել էր հոր հուգուց ելնող հառաչանքները, որոնք անցյալից եկող ուրվականների նման ձուլվել էին սենյակի կիսախավարին: Եվ այդ հառաչանքները անդավաճան հիշեցումների նման պարտքի էին կոչել որդուն:

Ու այսօր էլ հոր, աղոթքի պես ասված խոսքերը, հոգու խորքից վեր հանեցին որդու նվիրական զգացմունքները:

-Տա Աստված, իմ որդուն և թոռանը այս խոսքերը ես ուրիշ կերպ ասեմ՝ բացվեց հայի առավոտը, շողաց արևը հայի, – մտածեց որդին:
Առավոտը հետզհետե ջերմանում էր, լցվում էր պատուհանից ներս, ցրում կիսախավարը: Իսկ կիրակնօրյա եկեղեցու զանգերը ղողանջում էին զիլ՝ որպես Ավետիս, Աստծո նոր օրվա սկիզբ: Կանչում էին հավատացյալներին պատարագի:

-Հայրիկ, գնանք եկեղեցի, պատարագ լսենք, մոմ վառենք մեր նախնիների հոգու հանգստության համար, – դիմեց հորը որդին:

Ծերունին՝ իր զառամ տարիքին հակառակ, քայլում էր աշխույժ, թեթև քայլերով: Հայր ու որդի լուռ էին՝ խորասուզված յուրաքանչյուրն իր մտքերի մեջ: Դեպի եկեղեցի տանող քայլերը հետզհետե արագանում էին: Հայր ու որդի կանգ առան եկեղեցու մուտքի մոտ, խաչակնքեցին և ներս մտան: Խնկաբույրով էր լցված եկեղեցին և հագեցած այրվող մոմերի արձակած ծխով: Սուրբ Աստվածածնի որմնադիր պատկերի առջև ծնկի եկած աղոթում էր ծերունին ու, Տե՛ր ողորմած, մոր պատկերն էր Աստվածածնի դեմքին: Անընդհատ խաչակնքելով՝ ծերունին շարունակում էր աղոթել.

-Տեր, փրկի՛ր դու մեզ չարից, քո բարի դեմքը դարձրու՛ հայի կողմը: Հանուն հոր և որդու, մաքրի՛ր երկիրս չարից: Ու թո՛ղ բացվի հայի առավոտը, թո՛ղ շողա հայի արևը:

Ծերունու աղոթքը, միաձուլվելով պատարագի մեղմ հնչյուններին, բարձրանում էր վեր՝ դեպի դուռն Աստծո:

Իսկ մոր դեմքով Աստվածածնի պատկերը գորովալից ու հանդարտ հայացքով նայում էր ծերունուն, ով վերացած շարունակում էր աղոթել:

Երբ հայր և որդի խաչակնքելով դուրս եկան եկեղեցուց, արևն արդեն բարձրացել էր: Կեսօրվա տոթը գալա՜ր-գալա՜ր բարձրանում էր գետնից և հեղձուկ առաջացնում: Մինչ այդ պահը երազի ազդեցության տակ գտնվող ծերունին հանդարտվել էր փոքր-ինչ: Մեղմացել էր սիրտը կեղեքող կարոտի ցավը և վրեժի ծարավը: Հոգում դրոշմված մնացել էր միայն մոր գորովալից և հուսադրող պատկերը: Տան դարպասից ներս մտնելով՝ ծերունին և որդին տեսան բակում խաղացող երեխաներին: Անհոգ մանուկների ձայներից զվարթացավ ծերունին, նստեց բակում՝ ծառերի հովին դրված նստարանին ու շարունակեց հետևել երեխաների խաղին:

«Տե՛ր Աստված, թող երբեք չխաթարվի այս մանուկների խաղաղությունը, թող երբեք չզգան նրանք ցավ ու տագնապ, պահպանի՛ր հայի զավակներին»,- մտքում աղոթում էր ծերունին: Հանկարծ վազելով նրան մոտեցավ քրտինքի մեջ կորած, խուճուճ մազերով հնգամյա մի փոքրիկ և նստեց ծերունու կողքին.

-Ձա՛գս, ինչու՞ դադարեցրիր խաղդ,- գլուխը շոյելով հարցրեց ծերունին:

-Է՜ պապի՛, հոգնեցի խաղալուց, քո պատմություններից կպատմե՞ս. էն, որ քո պապիկն է պատմել քեզ:

Ժպտաց ծերունին ու, ծոռանը ծնկին դնելով, սկսեց ցածր ձայնով պատմել.

-Պապս ջահել ու հաղթանդամ երիտասարդ էր, թավ բեղերով, բարձր հասակով, սև աչք-ունքով: Երբ իր կարմրագույն նժույգին հեծած դեպի լեռներն էր բարձրանում նախրի ետևից, տեսնողներն «ա՜խ» էին քաշում ու երանի տալիս նրա տրիոջը: Նա քաջ էր ու սրտացավ բոլորի նկատմամբ, չէր հանդուրժում անարդարությունը:

Այդ օրերին թուրքը հաճախ էր հարձակվում, թալանում ու ավերում, օրը ցերեկով նախրից անասուններ գողանում:

Մի անգամ, երբ պապս նախիրը թողել է արածելու, իսկ ինքը աղբյուրի կողքին նստած նախաճաշել է, հանկարծ նկատել է, որ անասունները դեսուդեն են փախչում: Արագ վերցրել է հրացանը, հեծել է նժույգը և թափ առած սլացել դեպի նախիրը: Դեռ հեռվից նկատել է, որ չորս թուրք ձիավորներ իրենց առաջն են արել անասուններին, քշում են: Պապիս տեսնելով՝ նրանք մի պահ կանգ են առնում: Բայց տեսնելով, որ նա մենակ է, սրտապնդվում ու դեպի պապս են թեքում ձիերի գլուխները: Կտրիճ պապս չի ցանկանում կրակել, որովհետև հասկանում է, որ նրանք մենակ չեն լինի: Պապս թամբին ամրացրած պարանը հանում, ծայրը մի ձեռքում պահելով, մյուս ծայրը նետում է դեպի իրեն սլացող թուրքի ուղղությամբ, որը, վզին փաթաթված պարանից ճնշվելով, ցած է ընկնում: Ձին ծառս է լինում, որից ետևից եկող ձիերը խրտնում են և բախվում իրար: Պապս, մահակը նետելով, ձիուց ցած է գլորում երկրորդ թուրքին: Էն երկու թուրքը թրերն առած հասնում են պապիս վրա: Անհավասար պայքար է սկսվում նրանց միջև: Պապիս հուժկու հարվածներից թուրքերը խուճապի են մատնվում և փախչում: Բայց պապս հասնում է նրանց հետևից և երկուսին էլ սպանում:
Էս դեպքից հետո թուրք խուժանը զգուշանում է և հեռու է մնում մեր գյուղից:

Հուշերի գիրկն ընկած ծերունին ինքնամոռաց պատմում էր ու չէր նկատել, թե ինչպես էին մյուս երեխաները մոտեցել և հետաքրքրությամբ լսում:

Սթափվելով՝ ծերունին հոգոց հանեց և կերկերուն ձայնով ասաց.

– Քաջ ու անվախ են եղել մեր նախնիները, զավակնե՛րս, կարդացե՛ք ու տեղյակ եղե՛ք մեր նախնիների հերոսական արարքներին: Ու նրանց արժանի հետևորդներ եղե՛ք, որպեսզի բացվի հայի առավոտը, և ձեր գլխավերևում շողա անկախ, ուժեղ հայի արևը:

Գալստյան Թագուհի, 14 տարեկան, Արարատի մարզ, գյուղ Արարատ, թիվ 3 միջն. դպրոց


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: