Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Մեր ժամանակի հերոսը

Մեր ժամանակի հերոսը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Հիշու՞մ եք Դմբուզին (Ջորջ Օրուել, Անասնաֆերմա). նա հերոս էր և փառասեր՝ բոլոր հերոսների նման: Հերոսները դմբուզներ են, ովքեր հանուն փառասիրության՝ զոհաբերում են իրենց: Եթե պետք է որևէ մեկը հերոսացվի, ապա հերոսացվում է, եթե պետք է փոխել պատմությունը, ապա օգնության են հասնում պատմաբանները: Որպեսզի հերոսները հերոսացվեն, պարզապես անհրաժեշտ է, որ պատմաբանները մի փոքր լարեն իրենց երևակայությունը, գրեն ապագա հերոսների հերոսությունների մասին և ներկայացնեն ամբոխին. ամբոխը կընդունի ու կհերոսացնի նրանց:

«Մեծերը» հասկացել են, որ ամբոխավարության համար հերոսներ են անհրաժեշտ: Ամբոխին աջ ու ձախ քշելու համար հերոսները բավական են: Երևան է հանվում այն հերոսը, ով համահունչ է ամբոխի տրամադրությանը: Եթե ամբոխը չի ուզում պատերազմել, ապա «ձևում» են այնպիսի հերոս, ով կռվել ու զոհվել է հանուն Հայրենիքի. ամբոխը շահագրգռվում է: Ո՞վ կարող է ժխտել, որ հերոս էր նաև Րաֆֆու Սամվելը: Մի քիչ խորը մտածելուց հետո հասկանում ենք, որ հայր ու մայր սպանելը ամենևին հերոսություն չէ, բայց Րաֆֆին Սամվելի արարաքը հերոսություն է համարում, և մենք էլ, հետևաբար, հերոսացնում ենք Սամվելին: Րաֆֆու պարտականությունը հերոս ձևելն էր, իսկ մերը՝ հերոսացնելը: Հերոսները գործիք են, որոնք որոշակի խմբի կողմից օգտագործվում են ամբոխին վերահսկելու, կառավարելու ու իրենց շահերին հպատակեցնելու համար:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակում խոզերը հերոսի շքանշաններ ու մեդալներ էին հանձնում նրանց, ովքեր ավելի եռանդուն էին աշխատում, ինքնազոհողության գնով ֆերման էին պաշտպանում: Դմբուզը, ով թվում է, թե հերոսացվեց Անասնաֆերմայի բնակիչների կողմից, իրականում հերոս կարգվեց խոզերի, խոզերի ենթականների՝ շների ջանքերով, և «փոխանցվեց» ամբոխին: Դմբուզը հիանալի օրինակ էր, որպեսզի խոզերը ստիպեին անասուններին աշխատել, կռվել ու մարտնչել: Անասնաֆերմայից դուրս՝ մարդկային հոտի մեջ էլ նույն գաղափարախոսությունն է ու նույն կարգերը: Մարդկանց գրավելու նպատակով՝ հերոսների անունները անընդմեջ շոշափվում են, հերոսների հերոսությունների մասին շարունակ խոսվում:

Գարեգին Նժդեհը, ով ցանկանում էր իր զինվորների մեջ հերոսականություն արթնացնել և մղել պատերազմի, կարգադրում էր շարք կանգնել ու հերթով թվարկել ընկածների և ողջերի անունները: Ընկած զինվորների անունները բարձրաձայնելուց` շարքում կանգնած առաջին զինվորը բղավում էր «Ընկավ», երկրորդը՝ «Փառք ընկածին», իսկ մյուսները միաձայն կրկնում էին «Փառք ընկածներին»: Զինվորներին գրավում էր հերոս դառնալու բերկրանքը և բոլորը միահամուռ կերպով գնում էին պատերազմի:

Հին Հունաստանում, որպեսզի զինվորները անձնուրացաբար կռվեին, նրանց թմրադեղ էին տալիս: Այդ թմրադեղն էլ այդ առիթով կոչվեց Հերոին (հերոսաբար կռվելու համար): Այժմ թմրեցնում են մեր ուղեղներն ու գիտակցությունը ու ստիպում դառնալ մահապարտներ ոչ թե թմրադեղերի, այլ ամպագոռգոռ ճառերի օգնությամբ: Նրանք ընտրում են մեզանից անչափահասներին (անչափահասները բաց համակարգ են) և օրուգիշեր ականջներին նստում: Վերջապես մեզ զոմբիացնում են, ու մենք գնում ենք մեր գլուխներն ուտելու:

Մեր մայրերը զավակներ չեն ծնում, որպեսի զոհեն նրանց: Այդ զավակները կարող են լավ մարդ մեծանալ ու բարենպաստ գործ անել ազգի համար: Սակայն այդ զավակներին խլում են մայրերից (ինչպես խոզերը խլեցին շներից իրենց քոթոթներին) ու դաստիարակում «անձնուրաց հայրենասերներ»: Նրանք մեծանում են այն համոզմամբ, որ հերոս լինելը յուրաքանչյուր ազգասերի պարտքն է: Բանակում թշնամու հրազենից զոհված երիտասարդը նույնպես հերոս է, թշնամուց կացնահարվածը՝ նույնպես, ուրիշի կյանքը իր կյանքով փրկողը՝ հերոս է ավելի: Ահա այսպիսի հերոսների կարիք ունի իշխանությունը. անձնուրաց, չտրտնջող, ինչ-որ մեդալի համար կյանքները զոհող, հայրենասեր և, իհարկե, այսպիսի մայրերի, ովքեր երբեք չեն բողոքում ու միշտ հպարտ են, որ իրենց որդիները զոհվել են «հանուն Հայրենիքի». թվում է՝ հանուն հայրենիքի:

Արցախյան հերոսամարտը, որը խլեց բազում հայորդիների կյանքեր ու ստիպեց մայրերին ապրել կարոտով, վերջնականապես չլուծեց Ղարաբաղի խնդիրն ու չազատագրեց հողերը: Այժմ Ղարաբաղը գործիք է Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության ու մեր իշխանության ձեռքին, որի օգնությամբ վերջիններս կարող են լռեցնել կամ գազազեցնել ժողովրդին (հիշենք Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանը. «Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի»: Ընդ որում, Նազարբաևը ասաց նաև, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը): Հիմա կարո՞ղ եք ասել, թե այդ երիտասարդ տղաների ինչի՞ն է պետք հետմահու շքանշաններն ու հերոսի կոչումներն, եթե չենք կարողանում պահպանել այն, ինչ արյան գնով ձեռք է բերվել: Սակայն դա ոմանց ամենևին չի հետաքրքրում, նրանց համար էականն այն է, որ երբ կարիք կզգացվի արյուն թափելու, բայց ոչ ոք չի հանդգնի առաջ գնալ, նորից կշոշափվի հերոսների անջնջելի անունները, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մարդը մեռավ-կեցցե հերոսը:

Այս թեմայով մի անեկդոտ անցավ մտքովս. «մի մարդ կռվի դաշտում հրանոթի փողի դիմաց է կանգնում ու կարողանում փրկել իր յուրայիններին, սակայն ծանր վնասվածքներ է ստանում ու մահամերձ ընկնում է հատակին: Երբ պատերազմը ավարտվում է ու նրան հարցնում են, թե ինչը՞ ձեզ դրդեց գնալ այսպիսի հերոսության, մարդը պատասխանում է.

-Դրդելը չգիտեմ, բայց բրդողին կարող եմ ցույց տալ»: Հետևությունները թողնում եմ ձեզ…

Հիմա մենք հերոսների կարիք չունենք: Գրեթե ամեն օր որևէ մեկին հերոսացնում են ու ժողովրդին հրամցնում: Դպրոցներում ու կրթական այլ հաստատություններում երեխաների մեջ հերոսականություն են սերմանում ու մղում պատերազմի: Մենք՝ բոլորս, կամ գրեթե բոլորս ապագա մահապարտներ ենք, ովքեր կռվելու են հանուն իշխանության և իշխանության զավթած սրբազան թիկնաթոռների: Բոլոր ժամանակներում էլ հերոսները Դմբուզներ են, ովքեր հանուն փառասիրության պատրաստ են ամենահիմար ու ամենախելառ արարքներին: Քեզ կհերոսացնեն, եթե քո քայլը համապատասխանում է իշխանության շահերին: Նրանց անձնական պատմաբանները քո մասին գրքեր կգրեն, քո արած-չարած հերոսությունների մասին կպատմեն ու քո արձանը կտեղադրեն քաղաքի հրապարակներում:

Ժողովուրդը քեզ որպես հերոս կճանաչի ու դու ուզած-չուզած կհերոսացվես: Երբ գա այն ժամանակը, որ զոհերի կարիք կզգացվի, երբ պատերազմները, հեղափոխությունները, ապստաբությունները կճոճեն իշխանությունը զավթած պարագլուխների աթոռները, նրանք դուրս կգան իրենց դղյակներից ու նորից հերոսների մասին կհիշեցնեն ամբոխին: Ամբոխը ծնկի կգա ու կերդվի, որ հանուն այդ հերոսների սրբազան հիշատակի, կզոհի իր կյանքը: Վերջ. ժողովուրդը կուտը կերավ:

 Աննա Գսպոյան, Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 17 տ. 

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: