Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Դելիրիում*

Դելիրիում*

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Ի՞նչն է պատճառը, որ թելադրում է գրել քեզ, պատկերացնելով հանդերձ, որ միասին չենք հատի միևնույն փողոցը, վերլուծելով միևնույն մտքերը, պատկերացնելով հանդերձ, որ ինձնից տարբերվում ես, րոպեներ շարունակ չես նստում խավար սենյակում ` հայացքդ մեխած էլեկտրականության՝ պատի վրա ստեղծած լույսի ու ստվերի խաղին, և չես կորցնում գիծը, որ անընդհատ կորցնում եմ գիտակցությանս մեջ: Նայելով պատին` զգում եմ, որ ուղեղս թմրածության մեջ է, ինչպես լինում է առավոտները մարմնիս հետ՝ թուլացած մկաններ. դրանք չունեն այն ֆիզիկական ուժը, որ ի սկզբանե ներառել են: Նույնը հիմա կատարվում է գլխուղեղիս հետ, այն գծագրվում է որպես ջրիկ զանգված, որն ընդունակ չի խորանալ ինքնաստեղծման մեջ, որ դատապարտված է մակերևույթին է մնալ դեպի ներքին պատասխանը լողալու ընթացքում:

Նույն լույսի և ստվերի խաղը կարելի է ստանալ ֆոտոխցիկով. դիաֆրագման մեծացնելով, լուսազգայունությունը փոքրացնելով, բայց դա ոչինչ չի առաջացնի. ոչ անհանգստություն, ոչ ուրիշների մասին դատողություններ, այն ուրիշների, որոնց մաշկում ցանկանում եմ լինել, քնելով նրանց սենյակում, ստամոքսս լցնելով նրանց սառնարանի սնունդը, կարդալ սոց.ցանցի բոլոր նամակները:
Դիմացս` սև ֆոնի վրա, գծագրվում է դեմքդ:

Ինչ սիրուն են դեղին մազերդ չլվացված վիճակում, դեմքի վրա կուտակված թարախային բորբոքումների, կարմրած աչքերի հետ միասին դու պահի պատասխան ես դառնում, ներքին իրավունք տալով վառել կրիշնաների ու մուհամեդների, և նույնիսկ` խաչի վրա դաջված կիսամերկ տղամարդու մասին թղթերը, որոնք առաջնային արձագանք չառաջացրին. առանց որի անիմաստ էր դատողության խաղը, որ չկարողացավ նույնիսկ վերարտադրել պատի լուսավորությունն ու քո դեմքը դիտարկելուց ստեղծված զգացումը:

Թմրածության վիճակում գտնվող ուղեղս չի կարողանում գտնել բառը: Բառը կարող էր նույնիսկ պատասխան դառնալ, մեջս ապրող ներքինն աննպատակ է, եթե դուրս չի գալիս արտաքին իրականություն, աղոտ հույսով, որ դրա օգնությամբ մեր հոգիները Սահարա անապատի ավազոտ մերկությունը կներծծեն, հաջորդ անգամ ինձ տեսնելիս ձայն կհանես, ցույց տալով՝ դեռ կանք սեփական պատկերացումների շրջանակից դուրս:

Ձեռքս մեքենայաբար ուղղվում է դեպի վարդակը, լույսը միանում է, լցնում է շրջակայքը, յուրաքանչյուր շարժմանս մեջ միլիարդավոր այլ մարդկանց ուղեղի, մարմնի և հոգու աշխատանքն է:

Կանգնում եմ հայելու դիմաց: Այնտեղ արտացոլվում է սովորական մարմինս. միլիարդավոր քայլող և քրտնող երևույթներից մի օրինակ, որ նման չի ամսագրի աղջիկների գծած մարմիններին, պատկերասրահի արձաններին. դրանք իսկապես գեղեցիկ էին, չնայած «գեղեցիկ» բառն այլևս արդիական չէ, մենք փակում ենք աչքերը, լարում լսողությունը` հասկանալու համար. ո՞ւմ տվեցին թագը հեռուստատեսային շոուում, ո՞վ է երկրագնդի ամենագրավիչ տղամարդը:

– Պետք չէ այդքան կենտրոնանալը,- խորհուրդ է տալիս համացանցի հոգեբանը:

Չկենտրոնանա՞լ, երբ հեռուստացույցում ամբողջ օրն աղջիկներ են քայլում, պատված լատեքսով, նրանք ժպտում են, ոնց որ թե` աչքով են անում` մեկը մյուսին գերազանցելու ցանկությամբ, համոզելով բոլորին, իբր գեղեցիկ են, մինչդեռ իսկական գեղեցկությունը զբոսայգու տղան է` ամփոփված զգայուն բերանի, սուր այտոսկրերի մեջ:

Հաջորդող վայրկյանին պատկերը փոխվում է. վարորդն ամբողջ ճանապարհին հազում է: Ղեկի մոտից հազը հոսում է երթուղայինի սալոն, ձգտելով, որ ուղևորներն էլ հազան վարորդի պես՝ թոքերը փսխելու աստիճան: Իզուր: Վերջին շարքում նստած տղամարդիկ բետոնել են իրենց զգայարանները քարե շինության դիմաց կանգնելով, որտեղ նրանք բացում էին երախները, թքի և հնչյունների կուտակումները նետելով ասֆալտին, այն ասֆալտին, որի վրայով անցնում էր քաղաքի միլիոնավոր աղջիկներից մեկը, ում ոտքերի կանոնավոր երկարությունը նրանք վայրկենաբար չափեցին, այն քմծիծաղով, որ լսվում է մեջքիս հետևում:

Նրանց վրայից միջավայրին է փոխանցվում չլվացված մարմնի ու բնազդների խառնուրդի հոտը, կոկորդումս հասունացնում սրտխառնոցը, ստիպելով երեքին էլ ցեխի մեջ թավալվելիս պատկերացնել, արնախառն մսակտորներ զխկելիս այնտեղ, ուր չեն ընդունվել և չեն ընդունվի հիմար քածերի կողմից, այնտեղ, որտեղ վերջիններս թարգել են դուր գալու համար ստեղծված ծամածռությունները, լիրիկական տողերի ծամծմությունները, որտեղ ցեխը վաղուց ներթափանցել է շպարից ներս և նատուրալիզմը հաղթել է, նպաստելով, որ տիկնայք և պարոնայք,ավելի ճիշտ` կանայք և տղամարդիկ, շարունակեն իրենց խաղն առանց ձևականության, առանց գարշանքի արտահայտության, որով խուսափում էին աղբարկղները հետազոտելու դատապարտված տղամարդու ներկայությունից, ով գարնանային օրերից մեկին հանել էր վերնաշապիկը փողոցում, օտար մարդկանց` զզվանքով լցված հայացքների տակ: Նիհար մարմնի վրա գոյացած բոսորագույն տարածքներում ջերմություն էին ստանում սատկած միջատները, կանգնած մետրոյի կայարանի դիմաց` տղամարդը բաժակով լվանում էր իր մազոտ թևատակերը:

Մարդը մարդու դիմաց, ինձ թվաց, մարմնավորում եմ նրա` ծանրության վերածված մարմինը, որի չսպիացած վերքերը չէին կարող կորցրած լինել ցավեցնելու հատկությունը, որը տարածություն էր` իմ և իր միջև, իր և բոլորի միջև, այն տարածությունը, որ դատապարտված էր քարշ գալու ասֆալտի վրա:

Միևնույն ժամանակ՝ դա այն մարմինն էր, որով օրական քսանից երեսուն րոպե հիանում էի, հանուն որի մենք խմբովի նետվում էինք մարզասրահներ, որի հպումը զգում եմ սավանիս վրա. հատակին տարածվում է նարնջագույն ծովը, վերևում`ես, առանց կախման կետ: Գալարվելով ծովի վրայով, սև ալիքները նմանվում են ութոտնուկների ոտքերի: Դրանք գրավում են մթնոլորտը:

Ո՞րտեղ է Կրիշնան, ո՞րտեղ է Քրիստոսը:

Լպրծուն նյութը հասնում է ինձ:

Իջեցնում եմ ձեռքս խանձված հատակին: Կիզիչ ճառագայթների տակ այն քայքայվել է մինչև սևի ամենահագեցած երանգը:

Գիտակցությունս չի ընկալում այդքանը: Որտեղի՞ց է գույնը, որտե՞ղ էի, երբ ցորենի հասկերը վառվում էին:

Կրակը դանդաղ վառում է ցորենը, հետևից թողնելով խանձվածության հոտը:

Վաղուց եմ տեսել:

Ամառ էր, հիմա էլ ամառ է երևի:

– Ո՞րն է քո սարսափի ասոցիացիան, – սենյակում դիմում է մանուշակագույն վերարկուով կինը:

– Ասեղը` աչքերում, հետաքրքիր է, արյուն կգա՞:

Սևահողը ձուլում է ինձ, ի վերջո վերածելով երկնագույն աչքերի սև բբի, որի մեջ խրվում է ասեղը:

-Ոչ մի ասեղ, մնացածը վաղը կլցնես աղբարկղը:

Սպիտակ սավան, կանաչ գծերով:

Կինը խոսում է շեշտված հավասարակշռությամբ, ցանկություն առաջացնելով գոռալ.

Մի կանգնիր ինձ հետ միևնույն կանգառում. մի շնչիր իմ օդը:

– Ինչի՞դ է պետք ուրիշի գեղեցկություն մեջդ ներառելը: Ուրիշներից բարձր զգալու համա՞ր:

Համաձայնում եմ, ինչպես քարոզում էր Դեյլ Քարնեգին: Ժպտացեք, գլխով արեք, ծամածռեք ձեր դեմքը բոլոր հնարավոր ձևերով, հոգ տարեք կոստյումի մաքրության մասին:

– Մի քանի օր առաջ դեմ էիր ինքնագովազդին: Ինչպես երևում է` այսօր այդքան էլ չէ:

Բռունցքս ինքնաբերաբար սեղմվում է, կոտրելով նրան պատին մեխելու ցանկությունը: Կարնեգին նայում է պատուհանից, ամերիկյան դեմքը ժպտալ է սովորեցնում, շարունակ հարցնում եմ.

-Հետո՞:

Եվ գլխով անում: Ձայնը տեմպով հոսում է ականջներիցս ներս, փախչելու տեղ է պետք: Կողպվել սենյակում, որտեղ օդի գաղջությունից ոչինչ չի զատվում, որն իր բարձրությամբ կտրված է հողից: Ձեռքդ մեկնես էլ ` չես զգա սառնություն-տաքությունը:Քայլում եմ դեպի պատուհանը: Բացում եմ: Կինը շարունակում է մենախոսությունը: Չի նկատում, որ հանդիսատեսը գնացել է:

Քաղաքն այնքան սիրուն է պատուհանից, այնքան ամսագրային, որ սկսում եմ չպատկերացնել՝ ինչպես կարող է իմ նման գարշանքի ներառել: Փոքր տարիքում սովորեցրել էին, որ վիրուսը սպանում է յուրաքանչյուր անառողջ օրգանիզմ, ուղղակի ոչ ոք չէր հասկացրել, որ օրինաչափությունները ինձ էլ են վերաբերելու:

Քաղաքը պատրաստվում է սպանել ինձ այն աստիճան անընդհատ ու ցավոտ, մինչև իսկական վիրուսի վերածի: Քաղաքն ինձ համար չէր կառուցվել, պարզապես ակվարիում էր, որտեղ ձկները երջանիկ խլրտալու համար քաղաքականություն էին վարում: Նրանց կարողությունները նախանձ են առաջացնում, բայց արհամարհանքը չի վերանում:

Ոչ ոք չի խանգարում ցատկ կատարել: Վաղը գետնից կմաքրեն ուղեղի ծալքերը, հարևանուհին բոլորին կասի. «Ախ, խեղճ աղջիկ, ո՞վ կմտածեր»: Մատներով անցնում եմ կոկորդիս վրայով, փնտրելով հատվածը, որտեղ, ենթադրվում է, պահված էին ձայնալարերը, հավաստիանալու համար, որ դրանք կարող են արտաբերել.

-Հեռախոսահամար է պետք:

Մեկը հատ-հատ կարտասանի թվանշանները: Երեք երկար հեռախոսազանգ կհաջորդեն իրար, բջջային օպերատորի երաժշտությունը կհնչի չորս անգամ, որից հետո կլսվի.

-Ալո:

-Ո՞րն է քո սարսափի ասոցիացիան:

– Ծերություն-այլանդակություն: Չեմ պատկերացնում, որն է ապրելու իմաստը տգեղ լինելու դեպքում: Ո՞վ է:

Ինքը վախենում է տգեղությունից, մինչդեռ դիմացս նստած աղջիկն այլանդակ է: Անփայլ մազերը կուտակվել են ճարպոտ մսագունդ հիշեցնող դեմքին: Սկսում եմ նայել` երևակայելով, թե հայացքս մեխվում է դիմագծերի մեջ, և ստորացուցիչ է, քանի որ նա վախենում է զննող հայացքներից: Մինչ շարունակում եմ ուսումնասիրել դեմքի գծերը, աչքերը` երիզված թարթիչների բացակայությամբ, ջրակալում են:

-Չե՞ս ուզում նայեմ այլանդակությանդ,- նետում եմ, իսկ նա շարունակում է անտարբեր նայել, շրթունքները ձևավորվում են անդուր քմծիծաղի մեջ:

– Սպասողական հայացքդ ինձ բարկացնում է. ինչո՞ւ չես պատասխանում,- բարձրացնում եմ ձայնս:

Լռում է:

-Ո՞ւմ հետ եք խոսում, – մատուցողը փորձում է զգույշ լինել:

-Տեսնո՞ւմ ես դրան:

-Ո՞ւմ: Այնտեղ մարդ չկա, հայելի է: Գուցե Ձեզ թվո՞ւմ է: Լարվածությունից մեկ-մեկ նման բաներ լինում են:

Աղջիկը բարձրանում է աթոռից, փախչել է ուզում, սա չի կարող ցնորք լինել:

Հետևիցս փակելով դուռը, իջնում եմ քարե աստիճաններով:

Ո՞ւմ համար են դրանք կառուցվել: Ո՞ւր կորավ աղջիկը: Ո՞ւր եմ գնում: Դրսում աղբը համադրվում է հորիզոնի վարդագույն-ծիրանագույնի հետ. մայրամուտները սկսել են շտապել: Ոտքիս տակ սիգարետի տուփեր են: Կեղտը չի ճնշում, ես նույնպես «Ուինսթոն»-ի դատարկ տուփերից եմ: Այս ամենի մեջ յուրահատուկ գեղեցկություն կա, որի հանդեպ չհիմնավորված արհամարհանք ես տածում, ինչպես աղջկա դեպքում:

Դիմացս գծագրվում է տղայական դեմքի պատկերը, թվում է` պլաստիլինից է. հնարավոր է ձևափոխելն ու այլանդակելը: Մատներս դողում են, դրանք պետք է սուզվեին դեմքի մեջ` որպես միջատներ, ոչնչացնելու համար ամենը, ինչ պետք էր՝ լցնելու համար չմեկնաբանված դատարկությունը, բայց ես երբեք չեմ շարունակվի երկնագույն աչքերում, մնալով մենակ միջին դիմագծերիս, միջին ինտելեկտիս հետ, առանց առանձնանալու քո գեղեցկությամբ: Դատարկություն ստեղծող պահանջմունքն օր օրի կխորանա: Ներքին դողը փոխանցվում է ձեռքերիս: Բացում եմ շրթունքներս, դրանք արտաբերում են.

-how many guys like me, went through history…
(ինչքան տղաներ` ինձ պես, անցել են պատմության գիրկը):

Գրպանիցս քարշ տալով սիգարետի տուփը, ներքաշում եմ անում: Կապտավուն ծուխը խցկվում է թանձրացած օդ, ես իջեցնում եմ ուինսթոնի ծուխը երեք հազար դոլար արժողությամբ թոքերս, ու լացելու անկարողությունից ամբողջ ուժով կծում շրթունքս, որի վրայով արյան կաթիլը իջնում է վերնաշապիկիս վրա: Բերանիցս դեպի հագուստ անցումը շարունակվում է: Դրան հավասար` իջնում է հորիզոնը, մենք միաձուլվում ենք իրար, փորձելով մտապահել ստացված տեսարանը, որից հետո ոչինչ չի պատահելու, որի միակ շարունակությունը փախուստն է, որի համար վազել է պետք: Դիմացի մայթին վազում է տղան, իր անկանոն դեմքով ուղևորվում անհայտ ուղղությամբ:

Երևի նա նույնպես չի պատկերացնում` ո՞րն է կախման կետը, երևի նա նույնպես չի հասկանում իմաստը, որի կարիքը չկա էլ, քանի դեռ կարելի է ազատության մեջ վազել առանց կանգ առնելու ամեն ցուցափեղկի, հանդիսատեսի առաջ: Գուցե նա ըմբռնել է ռիթմը, գուցե նրան պետք չէ քո գեղեցկությունը, նկարածս անիմաստ տողերը:

[*] Դելիրիումը գիտակցության մթագնում է, որի դեպքում դրսևորվում են հետևյալ ախտանիշները. խանգարվում է կողմնորոշումը տեղի, ժամանակի, իրադրության նկատմամբ, իսկ սեփական Ես-ի նկատմամբ կողմնորոշումը պահպանված է։

Մերի Շառոյան, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 17 տարեկան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: