Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Յոթանասուն տարվա հույս

Յոթանասուն տարվա հույս

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Առավոտյան սովորականի պես արթնացա զարթուցիչիս ձայնից, շատ վաղ: Շտապեցի պատրաստվել և գնալ հարևանիս մոտ: Նա մի ծեր մարդ էր: Ապրում էր միայնակ: Շա՜տ ծեր էր: Դեմքը պատված էր խորշոմներով ու սպիներով, որոնք վկայում էին նրա դժվար կյանքի մասին: Ճերմակ էին մազերը, ձյունի պես ճերմակ: Ալեհեր ծերուկը, չնայած տարիքին, ուժասպառ չէր եղել: Նրա ձեռքերում դեռ կար այն պատանու ուժը , որը կար և առաջ:

-Բարև՛, Արմենա՛կ պապի: Ինչպե՞ս ես:

-Այդ ո՞վ է:

Առհասարակ նրան կարելի էր գտնել կա՛մ ծառը ջրելիս, կա՛մ գիրք ընթերցելիս: Սիրում էի լսել, թե ինչպես է կարդում: Առավել շատ նախընտրում էր պատմական գրքեր: Այնպիսի ոգևորությամբ էր կարդում հայկական զորքերի հաղթանակի մասին տողերը կամ զորավարների խոսքերը, որ ասես ինքն էր  կռվել, կամ ինքն էր քաջալերում բազմահազարանոց զորքը:

Այս անգամ նրան գտա իր անհույս, չորացած ծառը ջրելիս: Չգիտեի, արդյո՞ք այդ ծառը մրգատու էր, թե՞ ՝ոչ, ի՞նչ գույն ունեին նրա ծաղիկները, ոչինչ չգիտեի: Չգիտեի, քանի որ այդ ծառը մահացել էր, չորացել էր, չեր ծաղկում:

-Ա՛հ, այդ դու՞ ես: Ինչու՞ ուշացար: Հո բան չի՞ եղել:

-Ո՛չ, ո՛չ: Ուղղակի ճանապարհին շեղվեցի մեր գյուղի գեղեցիկ բնությամբ: Գեղեցիկ է գարունը մեզ մոտ: Արմենա՛կ պապի, ինչու՞  ես ջրում այդ ծառը: Երեք գարուն է արդեն՝ չի ծաղկում:

-Երե՞ք: Ինչու՞ երեք: Ասա տասներեք, քսաներեք,-պատասխանեց նա ծիծաղելով, -այդ դու ես նրան միայն երեք գարուն ճանաչում:

-Ավելի վատ: Այդ դեպքում ինչու՞ ես նրան խնամում: Ախր էլ չի ծաղկելու:

-Այդպես մի՛ խոսիր, մի՛ ասա: Նա կծաղկի, անպատճառ կծաղկի: Մինչև մահս երազում եմ տեսնել նրան ծաղկած:

Զգացի, որ զրուցակիցս տխրեց, ընկավ յուր դառը մտորումների մեջ:

Լռություն էր տիրում, որը խախտում էին միայն գարնանային թռչնակները՝ իրենց սքանչելի երգով: Մեր առջև՝ մի փոքր հեռվում, խորանում էր ահռելի ձորը, որ ահազդու էր բոլորի համար: Որոշեցի խախտել լռությունը և խոսել.

-Գեղեցիկ է ապրիլը մեր գյուղում: Չնայած, որ ձմեռը նոր-նոր է նահանջում, արևն այնքամ ջերմ է, երկինքն այնքան լուրթ է…

Նորից տխրության մի ամպ պատեց նրա պատկառելի դեմքը: Լռեցի:

-Վաղն ամսի քանի՞սն է:

-24-ն է: Ինչու՞: Բայց…Ինչպես էի մոռացել: Դե ես փոքր եմ, երբեմն մոռանում եմ բաներ, որ պետք է հիշեմ:

Վաղը կլինի յոթանասուն հինգ տարի, որ… Միլիոն ու կես հայ…Միլիոն ու կես անմեղ զոհ… Նրանց ոչնչացրեցին…

-Ոչնչացան, ոչնչացրին մորս, հորս, քույրերիս, տատիս, ոչնչացրին ինձ…

Այնքան պարզ եմ հիշում: Պարզ էր օրը, ինչպես՝ այսօր: Ամեն-ինչ խաղաղ էր, ամեն-ինչ՝ նույնը: Անսովոր էր միայն հորս ու մորս վեճը: Տաս տարեկան հազիվ լինեի, բայց լավ եմ հիշում ամենը: Աղոտ է միայն նրանց խոսակցությունը: Կցկտուր եմ հիշում: Հայրս պետք է հեռանար, մայրս չէր թողնում, լալիս էր, ողբում, ասես…Գնալուց առաջ համբուրեց մորը՝ տատիս, քույրերիս, մորս գրկեց ու խոստացավ, որ կգա: Գլուխս շոյեց միայն: Ինձ չեր համբուրում, դե ես արդեն «մեծ տղա» էի չէ՞: Զենքը վերցրեց ու գնաց: Դուռը բացելիս կանգ առավ, մի քանի վայրկյան  մտածեց ու արագ հետ եկավ: Գրկեց ինձ՝ ճայթեցնելով ոսկորներս, անխնա համբուրելով երեսս: Արդեն ցանկանում էի արտասվել, կուչ էի եկել, ցավեցնում էր և չգիտեի ինչ անել: Ա՜խ, եթե իմանայի, եթե միայն իմանայի, որ վերջին անգամն եմ տեսնում նրան…

Նա կախեց գլուխը, իսկ աչքերից հորդում էին արցունքները, հոսում էին անխնա լվանալով նրա երեսը:

-Անցան օրեր, երկար ու ձիգ օրեր: Առավոտյան արթնացա տատիս սրտառուչ երգից.

Արշալույս էր, նոր էր բացվել,

Ձին խրտնած ներս մտավ.

-Ա՛յ սիրուն ձի, դու ինձ ասա,

Որտե՞ղ թողիր իմ բալին,

Ո՞ր քարի տակ, ո՞ր ձորի մեջ

Անտեր թողիր իմ բալին:

Հանկարծ լռեց: Վերցրեց գլուխը ձեռքերի մեջ, որոնց վրա երևում էին երակները, որ ասես ուր որ է կպայթեն: Լալիս էր առանց արցունքների, դրանք վերջացել էին… Լալիս էր սրտով… արյուն էր կաթում այդքան տարի բաբախած սրտից… Միանգամից բարձրացրեց գլուխը, նայեց ուղիղ աչքերիս ու շարունակեց.

-Տատիս հենց մեր տանը սպանեցին, մեր աչքի առաջ: Նա ընկած էր դիմացս: Աչքերը չռած նայում էր ուղիղ աչքերիս մեջ՝ ասես ասելով «փախե՛ք, փախե՛ք»…

Մեզ տանում էին, քշում անասունների հոտի նման: Շատ աղջիկներ նախընտրում էին ներկել ձորերը իրենց արյունով, գերադասում էին մահն այդ անբարոյական օրերից: Ճանապարհին կորցրեցի մորս ու քույրերիս: Շուրջս էի նայում, ետ ու առաջ, մինչև որ… ոտքս դիպավ մի… մի դիակի:

Նա ընկած էր ոտքերիս տակ: Կուրծքը ողողված էր արյամբ: Որովայնում խրած էր մի թուր: Երևում էր, որ մեռնելուց առաջ տանջվել, դիմադրել էր թշնամուն: Այլայլված էր դեմքը՝ պատված հավերժական քնով…Մայրս էր, մայրս, հասկանու՞մ ես, մայրս: Դժվար է տեսնել մորդ դին, որ ընկած էր քո դիմաց:  Դժվար է տեսնել մորդ դին, որ մինչև երեկ գրկում էր քեզ, համբուրում, ասում, որ ամենը լավ կվերջանա…

Նորից լռեց:

Քարացել էի ես, չգտեի՝ ինչ ասել…

Արդեն կեսօր էր: Արևը շողում էր այնպես, ինչպես՝ երբեք, բայց սարսռում էի, դողում: Ահավոր էր լսել դա այն մարդուց, ում միշտ տեսել էի ուրախ, ուրախ ինձ հետ, ամենքի հետ: Խոսք չէի գտնում, որ արտասանեմ: Նա նայում էր հեռու:

-Աստված ինձ օգնեց, ուժ տվեց ապրելու, հույս տվեց հանգած սրտիս, որպես մի հուր: Քչերը ողջ մնացին ինձ հետ այն անմարդկային օրերից հետո: Քույրերիս էլ չգտա: Չորս տարի փնտրեցի, եղա ամեն քաղաքում, գյուղում, բայց ապարդյուն: Եկա այստեղ, ամուսնացա, երկու որդի ունեմ, որ հիմա ուշ-ուշ են հիշում իրենց հորը: Պետք է այսօր այցելես հարազատիդ, նրան՝ում սիրում ես, չե՞ որ վաղը նա կարող է չլինել… Տեսնես նրանք ինձ սիրու՞մ են,- ասաց ծերուկս քմծիծաղով ու կանգնեց:

Այժմ՝ իմանալով նրա կյանքի պատմությունը, ավելի էի սիրում նրան: Ցանկանում էի պատասխանել նրա այդ հարցին, որը երևի պատասխան էլ չէր պահանջում: Ցանկանում էի ասել, որ չկա մի մարդ, որ նրան ճանաչի ու չսիրի, բայց նա խոսեց առաջինը.

-Է՜հ, շատ խոսեցի, քեզ էլ տխրեցրի, արդեն կեսօր է, արևն էլ շատ է վառում, գնամ ջրեմ ծառը: Մոռացա ասել, գիտե՞ս այդ ինչ ծառ է: Դրա արմատները պահել էի, որ տնկեմ մինչև հորս գալը, որ ծաղկի ու ուրախացնի նրան: Միակ բանն էր, որ տարա ինձ հետ այն օրը: Հետաքրքիր է, խուժանը գալիս ու  հանում է քեզ քո սեփական տնից, իսկ դու քո հետ վերցնում ես ծառի արմատներ: Թե ինչու՞ չի ծաղկում անպիտանը: Երևի հորս է սպասում, կամ մորս…Գնամ, գնամ ջրեմ:

Անցավ մեկ տարի: Նույն օրը գնացի այնտեղ, նստեցի ճիշտ նույն վայրում: Անհավատալի էր: Ծաղկել էր ծառը: Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ բարեկամս չհասցրեց տեսնել այդ…

Մերի Վարդումյան, ք. Վանաձոր, Գրիբոյեդովի անվան 11 ավագ դպրոց, 15 տարեկան            

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: