Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Էջեր նրա օրագրից

Էջեր նրա օրագրից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Ես զգացի, թե ինչպես նրա սիրտը դադարեց բաբախել, ու թե ինչպես մարմնի ջերմությունը հետզհետե անհետացավ, բայց հայացքը… ինձ թվաց, որ այդ հայացքը պարուրեց ինձ, իմ մտքերը, իմ ապագան, և այդ հայացքը ինձ կհետևի իմ կյանքի մնացաց բոլոր վայրկյանների ընթացքում…Այդ հայացքում սեր կար, անկեղծություն, մաքրություն, կրակ, անսահմանություն… Այնտեղ մեր հիշողություններն ու երազանքներն էին: Իմ առջև բացվեց նրա հոգին: Ես այդ հայացքում կարդացի այն բոլոր խոսքերը, որոնք նա չէր համարձակվել, չէր հասցրել, կամ պարզապես չէր ցանկացել ասել …

Մութ ու խավար սենյակում (համենայն դեպս իմ մեջ այն այդպես տպավորվեց) աղմուկ ու հեկեկոցներ էին: Ես զգացի որ այդտեղ այլևս չեմ կարողանում շնչել և լուռ հեռացա…Երբ դուրս եկա մի աղավնի իմ դիմացով անցավ և նրա վրայից մի փետուր`փոքր, բայց ձյան նման ճերմակ ու մաքուր, գլորվելով իջավ ներքև… Այն ինձ համար այնքան կարևոր ու թանկ թվաց: Ես այն պահեցի ինձ մոտ և երբ վերև նայեցի աղավնին այլևս չկար…

Դրսում լուսավոր ու պայծառ եղանակ էր: Ես մինչև ուշ երեկո թափառում էի փողոցներով ու այգիներով ու չէի հասկանում թե ուր պետք է գնամ կամ ինչ պետք է անեմ: Ոչինչ չէի մտածում, բայց զգում էի որ այն ամենը ինչով շրջապատված եմ, փոխել են իրենց նշանակությունն ու իմաստը: Ես նայում էի մարդկանց, ու ինձ չէր հետաքրքրում, թե ուր են նրանք շտապում, ինչ են շշնջում ու խոսում միմյանց հետ: Հետևելով նրանց աչքերին փորձում էի թափանցել նրանց հայացքների մեջ` գտնելու համար այնտեղ այն ամենը ինչ թաքցրել են` նրանց զգացմունքները, հույզերը ու այն կրակը որ ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ: Բայց այդ ամենը այնքան խորն էր թաքցրած: Նրանք բոլորը վախենում էին, որ ինչ որ մեկը կարող է դրանք տեսնել: Բոլորը ասում էին բառեր, որոնք ոչ մի արժեք ու նշանակություն չունեին: Ասում էին, որ չլռեն: Բայց, իրականում, այնքան կարևոր խոսքեր կար, որ նրանք կուզենային ասել… բայց վախենում էին: Նրանք վախենում էին իրենց զգացմունքներից ու իրականությունից:

Համարյա արդեն լուսացել էր, երբ տուն եկա` հոգնած ու ուժասպառ: Երբ աչքերս փակեցի և փորձեցի քնել, ինձ թվաց, որ նա իմ կողքին է … Անմիջապես աչքերս բացեցի և սկսեցի խելագարի նման շուրջս նայել… Նա չկար: Ես մենակ էի… Այդպես էլ չկարողացա քնել. հենց աչքերս փակում էի, գլխիս մեջ պտտվում էին նրա շագանակագույն աչքերը, այդ նույն հայացքը, խավար սենյակն ու աղավնու փետուրը…

Արդեն լուսացել էր: Արևն ամբողջովին դուրս էր եկել և փայլում էր կապույտ անսահմանության մեջ: Այն ինձ համար միշտ կատարելության, կյանքի, ջերմության, փառքի խորհրդանիշն էր եղել: Բայց այդ պահին արևն անգամ այնքան ջերմ, թանկ ու փառահեղ չթվաց, ինչքան նրա հայացքում այրվող կրակն էր:

Նախաճաշեցի և չնայած որ թեյ չէի սիրում, որոշեցի նրա սիրելի թեյը ըմպել:

Այն ինձ համար աներևակայելի համեղ թվաց: Սեղանին դրված կարմիր կակաչները,որոնք նա շատ էր սիրում, հասարակ, բայց միևնույն ժամանակ այնքան գեղեցիկ ու չքնաղ էին: Հանկարծ զգացի որ ինձ վատ եմ զգում ու դողում եմ: Հավանաբար ջերմություն ունեի:

Որոշեցի դուրս գալ տնից: Ծանոթներիցս ու ընկերներիցս մի քանիսին տեսա: Նրանց բոլորի համար նա այլևս գոյություն չուներ: Նրանց ասած բառերը ինձ այնքան կեղծ, անհեթեթ ու անիմաստ թվացին:

Ինչպե՞ս … Ինչպ՞ես կարող է նա մահացած լինել, եթե անվերջ նայում է ինձ… Ինչպե՞ս են նրանք կարողանում ապրել` առանց նրա, այդ մութ սենյակում, առանց այդ հայացքի ու փետուրի…

Վերադարձա տուն, պառկեցի, և աչքերս ինքնըստինքյան փակվեցին: Ես նրան տեսա:

Նայում էր ինձ: Սպիտակ զգեստ էր հագել: Շատ գունատ էր, բայց նրա գեղեցիկ, շագանակագույն աչքերը, կարծես այրվում էին: Նայեցի նրա աչքերին, և ինձ թվաց որ նրա աչքերի խորքում մեր հիշողություններն էին այրվում… Ես վախեցած նայեցի նրան:

– Ես այնքան բան ունեմ քեզ ասելու,- մի կերպ արտասանեցի ես:

-Իսկ ինչու՞ այն ժամանակ չէիր ասում:

-Չհասցրեցի:

-Լավ այժմ դա կարևոր չէ: Ես ամեն ինչ տեսնում եմ քո հայացքում, որովհետև դու առաջին անգամ որոշեցիր ցույց տալ ինձ քո հոգին: Ես տեսնում եմ այնտեղ ինձ: տեսնում եմ այն բոլոր բառերն ու սերը որոնք իմն են, միայն իմը … Բայց… Բայց արդեն ուշ է…

-Այդ դեպքում ի՞նչ պետք է ես անեմ:

-Խնդրում եմ, ինձ տուր փետուրը:

– Չեմ կարող:

– Տուր… Ինձ տուր փետուրը:

-Այն իմն է, միայն իմը… դու ես այն ինձ նվիրել: Բայց այժմ այն իմն է: Չեմ կարող քեզ տալ:

-Թող, թող որ ես գնամ …

-Հավատա որ դա իմ ուժերից վեր է…

-Ախր ինչպես չես հասկանում …

– Եթե ես քեզ տամ փետուրը, ես կհայտնվեմ այն մութ սենյակում, իսկ դու այնտեղ չկաս:

– Այն քեզ հեռացնում է իրականությունից, իսկ այդպես սխալ է … Այն քեզ ցավ կպատճառի: Տուր … Ինձ տուր փետուրը…

-Իրականություն գոյություն չունի: Ամեն ինչ կեղծ է: Մարդիկ թաղել են իրականությունը:

– Դու էլ ես այդ նույնը անում: Դու մեղադրում ես նրանց բայց… Դու կառչել ես հիշողություններից…

– Ոչ: Ոչ: Հիշողությունները կեղծ չեն:

-Իրականությունը այն է ինչը գոյություն ունի: Իսկ ես …Դու այլևս ինձ չունես:

-Բայց ես ունեմ հիշողություններ…Եվ այդ հիշողություններում սեր ու անկեղծություն կա … Այդ հիշողությունները ավելի իրական են, քան այն իրականությունը, որը մարդիկ են կառուցել, և որտեղ դու չկաս…

– Այդ իրականությունում կան մարդիկ, որոնք քեզ սիրում են … Նրանք քո կարիքը ունեն: Միգուցե հիմա քեզ հիշողություններն ու երազանքները բավարար են թվում երջանիկ լինելու համար … Այո’, հիշողությունները կարևոր են: Կարևոր են բոլոր այն մարդիկ, որոնք եղել են քո կյանքում, որովհետև նրանք դարձել են քո մի մասնիկը, նրանք բոլորը քեզ ինչ որ բան են տվել `մի հայացք, մի միտք, մի ժպիտ: Եվ դու պարտավոր ես նրանց հիշել: Բայց կգա մի պահ, երբ կզգաս որ միայն անցյալն ու պատրանքները բավական չեն երջանիկ լինելու համար: Կզգաս, որ դու էլ ունես նրանց բոլորի կարիքը, ու անհրաժեշտ է որ ինչ որ մեկը քեզ իսկապես `այլ ոչ թե երազներում, ամուր գրկի… Բայց կհասկանաս, որ այդ մարդիկ այժմ այնքան հեռու են քեզանից:

Այն ժամանակ այդ սենյակը քեզ համար լուսավոր էր, որովհետև դու ինքդ էիր այն լուսավորել, ոչ թե ես … և այժմ դու պետք է կարողանաս նորից լուսավորել այդ սենյակը: Դու պետք է կարողանաս սիրել ու վստահել մարդկանց: Այդ ժամանակ նրանք կբացեն քո առջև իրենց հոգիները ու չեն վախենա այն իրականությունից, որտեղ դու կաս: Մթությունից փախչելով դրանից չես ազատվի: Դու պետք է այն կարողանաս լուսավորել: Այո … Մենք բոլորս վախենում ենք իրականությունից ու մեր զգացմունքներից: Բայց մենք պետք է ուժեղ ու համառ լինենք: Մենք պետք անընդհատ առաջ գնանք ու պայքարենք երջանիկ լինելու համար …Հավատա ինձ, հավատա…

Ես արթնացա… Դուրս եկա և նկատեցի որ մի փոքրիկ տղա նայում էր ինձ… Ես նայեցի նրան ու ժպտացի: Նա էլ ժպտաց ու նրա աչքերը փայլեցին …

Շաշիկյան Թերեզա, 16 տարեկան, Երևան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: