Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Սարդը

Սարդը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Սարդը դանդաղ քայլերով և աննկատ մտավ սենյակի մութ անկյուններից մեկը, որպեսզի չդառնա տան վախկոտ անդամների հողաթափերի զոհը:

Բարի էր սարդը, համբերատար, բացի այդ` նա հրաշագործ էր. կարողանում էր լսել իրեն սիրող մարդկանց լավ երազանքները և ի կատար ածել:

Այդ մութ ու փոքրիկ անկյունում անցկացրեց իր կյանքի երեք ամենաանիմաստ ու միապաղաղ օրերը: Նրա կյանքը լիովին փոխվեց, երբ որոշեց մի վայրկյանով դուրս գալ իր թաքստոցից. նրան նկատեց տան միջնեկ երեխան` Ջոնը: Սարդն արագ-արագ փորձեց թաքնվել, բայց կանգ առավ, երբ լսեց երեխայի սիրուն ու մանկական ձայնը, որը կանչում էր.

-Հե՜յ, սարդի՜կ, ու՞ր ես փախչում: Արի՛ ինձ մոտ:

Սարդը խոսել գիտեր, բայց կարծում էր, թե կվախեցնի երեխային, թեպետ ասաց.

-Բարև՛, ես Բլեքին եմ` հրաշագործ սարդ:

Զարմացած, ուրախացած դեմքով Ջոնը հազիվ արտաբերեց.

-Հրաշագործ սա՞րդ: Իսկ ի՞նչ հրաշքներ ես դու գործում և ինչպե՞ս:

-Երբ ինչ-որ մեկն ինձ սիրում է, ես, զգալով նրա սերը, կարողանում եմ լսել նրա ամենանվիրական երազանքները և հրաշքի սարդոստայն եմ գործում: Երբ այդ մարդը թեկուզ աննկատ հպվում է սարդոստայնին, իսկույն իրականանում է նրա երազանքը:

-Հիասքա՜նչ է: Ես էլ ունեմ երազանքներ: Հուսով եմ` դրանք կիրականանան: Լավ, սարդի՛կ, ես պիտի գնամ դպրոց: Դեռ կհանդիպենք…

-Հաջողությո՜ւն…

Ջոնը ինը տարեկան էր, հաճախում էր դպրոց, սակայն չուներ ընկերներ: Նա գերազանց էր սովորում, որի պատճառով նրան դասընկերները նախանձում էին և չէին շփվում նրա հետ:

Ջոնն ուներ երազանք. երազում էր, որ իր տասնամյակին ներկա կլինի մտերիմ ընկերը` միակն ու ամենալավը, որին դեռ չէր էլ հանդիպել: Ջոնի պատկերացումներում իր ընկերը գեղեցիկ էր, բարի, հավատարիմ, վստահելի, նվիրված:

Ժամեր անց Ջոնը վերադարձավ տուն ու միանգամից վազեց սենյակ` Բլեքիին գտնելու, և նրանք երկար զրուցում էին…

-Մտածում եմ, որ կյանքում ամենալավ բանը ընկերներն են, բայց ես չունեմ ոչ մի ընկեր: Մենակ եմ ինձ զգում:

-Ջո՛ն, ընկերները, իրոք, անհրաժեշտ են, բայց իմացիր, որ քո ամենալավ ընկերը հենց դու ես: Հաճախ ընկերները լքում են, դավաճանում, ցավեցնում, նեղացնում, իսկ այդ ամենին դիմանալու համար պիտի շատ հասուն ու ուժեղ լինել:

-Թող որ զգամ այդ ցավը, բայց ունենամ ընկեր: Ախր ավելի ցավոտ է, երբ չունես ոչ ոք:

-Ինչպե՞ս թե չունես: Դու ունես ընտանիք:

-Բայց մի՞թե ընտանիքս ինձ երբևէ կկարողանա տալ այն, ինչ կարող է ընկերը: Ընկե՜ր, եթե ես ունենայի ընկե՜ր…

-Արդեն ուշ է, գնա՛ քնիր, Ջո՛ն:

-Բարի գիշեր, ի՛մ Բլեքի:

Անցան օրեր: Բլեքին և Ջոնը շատ էին մտերմացել: Ջոնն այնքան էր սիրում Բլեքիին, որ ամենուր միասին էին: Նույնիսկ հաճախ Բլեքիին տանում էր դպրոց, զրուցում նրա հետ, ինչն էլ ծաղրելու առիթ էր տալիս ոչինչ չհասկացող դասընկերներին:

Ջոնի ծննդյան տոնին մնացել էր մեկ օր: Բոլորը պատրաստվում էին, Բլեքին` նույնպես:

Ջոնի երազանքն իմանալով` Բլեքին սկսել էր գործել հրաշքի սարդոստայնը:

Վերջապես եկավ սպասված օրը: Ամեն ինչ գեղեցիկ էր. մայրիկը համեղ տորթ էր պատրաստել, հայրիկը նվիրել էր նորաոճ համակարգիչ, քույրիկները` վերնաշապիկ և Ջոնի սիրելի երգչի ձայնասկավառակը: Բայց չկար ամենակարևորը՝ ընկերը:

Ջոնը դիպել էր հրաշքի սարդոստայնին, սակայն ընկեր չէր հայտնվել: Նա տխուր էր և նյարդայնացած: Երբ գնաց սենյակ, նրան դիմավորեց Բլեքին, իսկ Ջոնն արհամարհեց նրան:

-Ի՞նչ է պատահել, Ջո՛ն:

-Ինձ թվում էր, թե դու կկատարես իմ երազանքը: Ինձ թվում էր, թե գոնե այսօր ես կլինեմ երջանիկ: Կունենամ այն, ինչ կամեցել եմ այսքան ժամանակ:

-Բայց…

-Լռի՛ր, կեղտո՛տ սարդ: Դու զզվելի ես: Չե՜մ ուզում քեզ տեսնել…

Սրանք վերջին խոսքերն էին, որոնք լսեց Բլեքին այդ օրը:

Նա հեռացավ տնից տխուր, միայնակ:

Առավոտյան Ջոնն իր սենյակում գտավ մի փոքրիկ թղթի կտոր: Բացելով այն` այնտեղ տեսավ Բլեքիի` իրեն արդեն հարազատ դարձած ձեռագիրը. «Դու այդպես էլ չհասկացար, որ քո ամենալավ ընկերը միշտ կողքիդ է եղել… Մնաս բարով…»:

Ջոնը կարմրեց, շփոթվեց…

Սակայն արդեն ուշ էր. Բլեքին հեռացել էր, և անգամ ինքը չգիտեր, թե ուր է գնում:

Հանկարծ Բլեքիի տխուր մտքերում հայտնվեց ինչ-որ լուսավոր կետ. հասկացավ, որ Ջոնը երազանք է պահել ու ցանկանում է, որ իր սիրելի ընկերը`Բլեքին վերադառնա:

Բլեքին չտատանվելով կատարեց այդ երազանքն առանց որևէ հրաշքի սարդոստայնի:

Նա վերադարձավ Ջոնի տուն: Ջոնի մայրը խոհանոցում էր, երբ պատուհանագոգին նկատեց նրան ու ճչաց վախից, հետո դանդաղ, զգուշորեն մոտեցավ և փորձեց ոչնչացնել` չիմանալով, որ որդու երազանքն է փշրելու: Մոր բղավոցի վրա ներս վազող Ջոնն անմիջապես հասկացավ ամեն ինչ ու ինքն էլ իր հերթին բղավեց: Անակնկալի եկած մայրը մոռացավ սարդին ու վախեցած գնաց դեպի Ջոնը, իսկ Բլեքին այդ ընթացքում ծլկեց Ջոնի սենյակ:

Մայրիկը սկսեց հանգստացնել տղային, նույնիսկ ջուր առաջարկեց, բայց մնաց զարմացած, երբ Ջոնը, առանց բառ անգամ ասելու, անմեղ մեղավորի ժպիտով փախավ իր սենյակ`մտերիմ ընկերոջ մոտ:

Ջոնը ներողություն խնդրեց Բլեքիից, փորձեց թոթովել ինքնարդարացման խոսքեր, բայց Բլեքին ներեց նրան`չթողնելով, որ նա արտաբերի բառեր, որոնք այդ պահին արժեք չէին ունենա:

Նրանք ամբողջ օրը զրուցում էին, ծիծաղում, ուրախանում…

Ընկերները մեր կողքին են: Հարկավոր է միայն նկատել նրանց:

Սուսաննա Մանուկյան, Երևան, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 15 տարեկան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: