Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Նատյուրմորտ

Նատյուրմորտ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,347 կտտոց

Քննության էի: Պիտի նատյուրմորտ նկարեի. նկարչականում սովորելու տարիներին ամենադժվար առաջադրանքն էր ինձ համար,քանի որ բացարձակ ցանկություն չունեի նկարելու հասարակ ծաղիկներով, մրգերով,ձկներով պատկերներ կամ որևէ այլ «հասարակ»-ություն: Ես բնույթով ամենևին հասարակ չէի: Սեր, ոգեշնչում էր պետք, բայց հոգիս անհասկանալիորեն դատարկ էր: Ինձ համար դա միայն քննություն չէր, այլամենադժվարն էր, որը պիտի հաղթահարեի: Իմ նատյուրմորտը չպետք է լիներ սովորական, այն պիտի լիներ ավելի, քան արտասովոր:

Որոշեցի պահել օրագիր` կյանքի օրագիր, որտեղ պիտի գրեի ոչ թե առօրյաս, այլ իմ մտքերն ամեն ինչի վերաբերյալ, և հենց այդպես էլ կոչեցի` «Խոհեր ամենի մասին»: Սկզբում սկսեցի օրագրիս պատմել իմ մասին. «Իմ խորհրդավո՛ր օրագիր, անունս Լյուսի է` 20 տարեկան, ապրում եմ մենակ, չունեմ ծնողներ…»:

Ու լռեցին բառերս: Սկսեցի խորհել` էլ ի՞նչ կհետաքրքրի որևէ մեկին բացի անունիցս, ու դադարեցի գրել ինքնակենսագրականս…

Առաջին խոհականս մարդ արարածի մասին էր: Փոքրիկ ենթավերնագիր գրեցի` «Մարդիկ զոմբիներ են», ու սկսեցի շարադրել. «Մարդկանց կյանքը հաճախ անիմաստ է, միապաղաղ: Հենց այդ կյանքն էլ նման է զոմբիների կյանքին: Աննպատակ կյանքը տանում է դեպի մահ, և շնչել, գոյատևել չի նշանակում լինել ողջ»:

Այսքանով ավարտեցի, քանզի նախադասություններիս ավելացմանը զուգընթաց ավելի ու ավելի էի վախենում իմ տարօրինակ մտքերից: Վախենում էի ընդունել այն փաստը, որ ես էլ եմ մարդ, ու գուցե զոմբի դառնալու ճանապարհի դաժան թակարդը թագուհու կեցվածքով ու անհասանելի համբերատարի պես սպասում է ինձ, որ խժռի իմ հոգին` թողնելով միայն հավերժ փտող մարմինս:

Փակեցի օրագիրս: Ուշ գիշեր էր, և պառկեցի քնելու ու մի երազ տեսա: Երա՞զ, ավելի քան իրական էր, բայց իրականությունից այնքա՜ն հեռու, որ ինձ դուր էր գալիս լինել այդ երազում. զգացողություններս նորություն էին ինձ համար ու տարօրինակ: Այդ երազը կարծես լիներ իմ ոգեշնչումը, սակայն առավոտյան երբ արթնացա, ինձ հետ կատարվեց անտանելին. երազիցս բացաձակ ոչինչ չէի հիշում, բայց հիշում էի, որ դա պիտի լիներ ոգեշնչումս: Կար ինձ հունից հանող ևս մեկ հանգամանք` իմ շատ սիրուն, բայց անարդար զարթուցիչը, որն ինձ արթնացրել էր աշխարհի ամենալավ երազից: Այն ինձ կարծես նայում էր հաղթանակ տարած չարաճճի երեխայի աչքերով ու ցույց էր տալիս երազանքի ժամը` 09:09: Երազանքի ժամ ես անվանում էի այն ժամը, երբ րոպեի ու ժամի թվերը համընկնում էին: Ամեն անգամ նման համընկնում նկատելիս ես պի՜նդ փակում էի աչքերս ու պահում երազանք: Հաճախ երբ գալիս էր երազանք պահելու պատվավոր ժամանակը, ցավով էի հայտնաբերում, որ չունեմ երազանքներ:

Վաղ առավոտյան դուրս եկա տնից: Աշուն էր, իմ եղանակը: Այն ինձ շատ է նման, գունավոր է, բայց` տխուր: Ներկում է ամեն ինչ, բայց հետո մերկացնում: Այն իմն է, բայց նաև բոլորինը, գուցե` ոչ ոքի՞նը: Ոչ ո՛ք, դիմում եմ քեզ, օգնի՜ր հիշել երազս: Ոչ ո՛ք, տեսնես ո՞վ ես դու: Մարդիկ հաճախ են խոսում քո մասին, ո՜վ մեծն ոչ ոք: Երբեք որևէ մեկը չի՞ նկատել, որ հենց ոչ ոքն է ամենքը, և հենց ոչինչն է ամեն ինչը… Քամի է, մեղմ անձրև: Սիրում եմ, երբ անձրևը իջնում է դեմքիս, իսկ քամին փորձում է  չորացնել կաթիլները: Արդյունքում դեմքիս են մնում երկնքի ջրաստղերը: Ավելի գեղեցիկ երևույթ ինձ համար չկա: Զբոսնում եմ, քայլերս ինձ տանում են հեռու, անորոշ ուղղությամբ: Արդյոք այն, ինչ կա հոգումս, ճի՞շտ է անվանել դատարկություն: Գուցե դա հենց սերն է, որ կա՞: Ուղղակի այն մի քիչ տարբեր է, քանի որ երկար տարիներ իմ մեջ կուտակվելով` դարձել է մեկ այլ բան, որի անունն անհայտ է ողջ մարդկությանը: Բայց սերը մնում է սեր: Ինձ պետք է մեկը, ում կտամ ողջ սերս: Ինձ պետք ես դու…

Անձրևն արագացավ, սկսվեց ուժեղ փոթորկանման քամի: Շուտ վազեցի տուն. առանց այդ էլ ջերմում էի: Տաքուկ տեղավորվեցի խորը բազմոցում: Ըմպում էի թեյ և անվերջ մտածում նատյուրմորտիս մասին: Ժամանակն էր սկսելու նկարս: Թեյս դրեցի սեղանին և շուտ մտա իմ փոքրիկ ամենասիրելի սենյակ` անձնական արվեստանոցս, որտեղ իմ բոլոր ներկերն էին, կտավները:

Առաջին պատկերը, որ մտածեցի, ծաղիկն էր: Նատյուրմորտի կարծրացած կերպարը ուղեղիս մեջ կարծես մխված լիներ, ու ակամայից դա նկարեցի: Շատ նյարդային եմ: Ծաղիկ. ի՜նչ տաղտկալի է: Չէ՛, պիտի մաքրեմ ուղեղս այս խառնիխուռն մտքերից, նրանք չեն թողնում ինձ հանգիստ աշխատել: Հանկարծ չգիտեմ` ինչ կատարվեց հետս, վերցրի սև ջրաներկը, ու ամբողջ կտավը գորշագունեց իմ մի անմիտ արարքից: Խե՜ղճ կտավ: Նյարդերս տեղի էին տալիս: Հարկավոր էր արագ քնել: Խմեցի մի երկու քնաբեր ու շուտ պառկեցի երազի հույսով:

Առավոտ էր: Երազ չէի տեսել, գուցե տեսել էի, բայց չէի հիշում: Ես փորձում էի մտածել նատյուրմորտիս մասին: Շարունակ ինչ-որ մտքեր էին այցելում, բայց անմիջապես էլ անհետանում մինչև թղթին նկարվելը: Օրագրումս գրեցի. «Սուտ է աշխարհը, սուտ է կյանքը: Ի՞նչ նատյուրմորտ: Ո՞վ եմ ես: Ես մենակ եմ: Ու՞մ համար եմ ապրում…»:

Դրսում անձրև է: Ուզում եմ շնչել անձրևը, ձուլվել բնությանը: Ուզում եմ մերկ կանգնել անձրևի տակ, որ մի քանի մեծահոգի կաթիլներ միախառնվեն` դառնալով մեկ ամբողջական մեծ կաթիլ, որը ինձ կվերցնի իր մեջ, ու կտապալվենք գետնին անվերադարձ: Ինչու՞ է կյանքս այսքան անիմաստ: Ինչու՞ պիտի միայն ինձ սիրեմ ամբողջ աշխարհում,  քանզի չունեմ որևէ մեկին, ում կկարողանամ սիրել: Չնայած ես նույնիսկ ինձ չունեմ: Մի՞թե կարելի է փոխել կյանքը: Սա ճակատագի՞ր է, թե՞ ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե լավատես լինեի, կասեի` իհարկե, կարելի է փոխել, և ոչ թե կարելի է, այլ` պարտադիր: Եթե վատատես լինեի, կասեի ճիշտ հակառակը: Բայց ախր իրատես եմ…

Ամեն ինչ մութ է: Տեսնում եմ կետեր, որոնք գունավոր են: Երբ նայում եմ այդ կետերին, դրանք մեծանում են, իսկ երբ գորշությունն է խլում հայացքս, սևն է իշխում ամեն ինչի վրա: Գունավո՛ր կետեր, գտե՛ք ինձ, ես ձեզ արդեն կորցրել եմ: Հիմա ձեր հերթն է ինձ գտնելու: Անկարող եմ հետ բերել կորցրածը, բայց կորածը ի վիճակի է գտնել ինձ, և ես սպասում եմ քեզ, ի՛մ կորած, որ գուցե երբեք էլ չես եղել…

Նորից գիշեր, սակայն այն տարբեր է մնացածից. այս գիշեր արթուն եմ: Մտնում եմ արվեստանոցս, ուշադիր նայում իմ գլուխգործոցին` թույլ նյարդերիս ապացույցին ու վկային` նատյուրմորտիս, որը սև կտավ է: Կյանքն էլ է կտավի պես, մենք ենք այն ներկում: Պիտի գտնեմ ներկերս: Դրանք գորշ են հաճախ, բայց վառ գույներ էլ կան: Հանկարծ հեռվում լսում եմ մեղմ երաժշտություն` Բեթհովեն, «Լուսնի սոնատ»: Տեսնես որտեղի՞ց է ձայնը: Նայում եմ պատուհանից ու միանգամից գտնում դիմացի շենքի միակ լուսավոր սենյակը: Տեսնում եմ ինչ-որ տղամարդու կիսադեմ: Ինձ հետաքրքիր է թվում, որ նա էլ այս ժամին արթուն է ու ինչպես հասկացա` զբաղված էր ինչ-որ կարևոր գործով: Հանկարծ բացեց վարագույրը ու անմիջապես հայացքը նետեց իմ կողմ: Ես ամոթից կարմրեցի, սակայն շրջվել, փախչել չցանկացա: Նա գլխով արեց ինձ, ես էլ, քաղաքավարությունից ելնելով, պատասխանեցի նրա օդային բարևին: Հաջորդ օրը նույնպես եղավ փոքրիկ շփում շենքերի ու պատերի վկայությամբ, սակայն դրանից ավել ոչինչ տեղի չունեցավ: Ես նրան այլևս չտեսա:

Անցան օրեր: Ես անվերջ մտածում էի նրա մասին: Մեկի մասին, ում անունը նույնիսկ չգիտեի, ում դեմքն անգամ աղոտ էր երևում, բայց այնքան ծանոթ էր ինձ թվում:

Երկու օր էր մնացել քննությանս, իսկ ես դեռ սև կտավով էի: Այս մտքերով տարված` վայելում էի արևածագը, բայց նրա կիսադեմը չկար: Սիրահարվել էի…

Զարմացած հայացքով նայեցի կտավին ու գնացի զբոսնելու: Զբոսանքը իմ սիրելի զբաղմունքներից է, մանավանդ անձրևի ընկերակցությամբ: Քայլում էի դանդաղ: Անսպասելիորեն զգացի ինչ-որ մեկի ձեռքն իմ ուսին, վախեցած շրջվեցի. նա էր:

-Ողջու՛յն,- ասաց իմ ծանոթ-անծանոթը:

Կմկմալով հազիվ բերանիցս դուրս եկավ մի շատ զգացմունքային ու հուզված բարև:

-Դու՞ ես այն աղջիկը, որը նայում էր լուսամուտից… դե… այն գիշեր:

-Ես եմ:

-Շատ ուրախ եմ: Անունս Միքայել է, իսկ քո՞նը:

Ահա և հայտնվեց մեկը, ում հետաքրքրում էր իմ անունը, ու ուրախ տոնով ասացի.

-Լյուսի: Ես նույնպես ուրախ եմ:

-Ու՞ր ես գնում

-Ուղղակի զբոսնում եմ: Գնում եմ այնտեղ, ուր տանում է ինձ քամին:

-Խորհրդավոր անձնավորություն ես երևում: Ես նույնպես ամեն առավոտ զբոսնում եմ: Անձրևն իմ ընկերն է, և ինձ միշտ հաճելի է զգալ այս մաքուր օդն ու անձրևի կաթիլները իմ մարմնին:

-Ես նույնպես սիրում եմ անձրևը,- երջանկացած ասացի. կարծես գտել էի այն սերը, որի մասին երազել էի երկար:

Մենք նստեցինք աշնան երփներանգ տերևներով պատված նստարանին ու սկսեցինք զրուցել: Մեր թեմաներն ասես անվերջ էին, քանի որ նախասիրությունները գրեթե համընկնում էին:

-Դե պատմի՛ր քեզանից: Ու՞մ հետ ես ապրում: Ինչո՞վ ես զբաղվում:

-Ես մենակ եմ ապրում: Սովորում եմ դեռ: Նկարչուհի եմ: Ծնողներ չունեմ, մահացել են ավտովթարից: Մյուս բարեկամներիցս տեղեկություն չունեմ: Մեր գերդաստանն այնքան էլ մեծ ու համերաշխ չի եղել:

-Ցավում եմ: Դե ինչպես գիտես` ապրում եմ ձեր դիմացի շենքում` ծնողներիս ու քրոջս հետ: Ես երաժիշտ եմ` կիթառահար:

-Կիթառահա՞ր,- պոռթկացի անմիջապես,- երաժշտությունն իմ տարերքն է:

-Այդ դեպքում եթե էլի հանդիպենք, անպայման կնվագեմ մի բան քեզ համար:

-Շատ լավ: Ես պիտի գնամ:

-Ես էլ: Արդեն շատ ցուրտ է: Ես կճանապարհեմ քեզ: Ահա, վերցրո՛ւ վերարկուս:

-Շնորհակալ եմ,- ասացի, ու ներսումս մի ձայն խոսեց ասես. «Նա իսկական տղամարդ է: Վերջապես գտա նրան…»:

Միքայելն ինձ հասցրեց տուն: Ավելի լավ օր ես երբևէ չէի ունեցել: Սերը, իրոք,  հիանալի զգացմունք է: Այն շնչելն է, ապրելն է, կյանքն է: Այն իմ յուրաքանչյուր  շարժումն է: Ահա թե ինչ է պետք զոմբի չլինելու համար:

Կտավս դրված էր սենյակում ու կարծես սպասում էր իմ վերադարձին: Վաղը պիտի ներկայացնեի այն: Ես ունեի մի քանի ժամ: Նայեցի պատուհանից, տեսա նրան, բայց քանի որ արդեն պատմել էի քննությանս մասին, նա ժպտաց ինձ սիրալիր ու գնաց մի կողմ, որպեսզի չխանգարի: Քիչ անց հնչեց դռան զանգը: Բացեցի ու տեսա Միքայելին: Նրա մի ձեռքին կիթառն էր, իսկ մյուսին` գեղեցիկ կակտուս: Ես նրան արդեն հասցրել էի պատմել, որ շատ եմ սիրում կակտուսներ: Մենք մտանք արվեստանոց: Միքայելը սկսեց նվագել, իսկ ես տեղավորում էի կակտուսը:

-Ես երբեք չեմ կարծել, որ կսիրեմ առաջին հայացքից: Բայց դա պատահեց: Լյուսի՛, ես քեզ սիրում եմ: Սա ասում եմ լիովին համոզված լինելով ամեն բառիս մեջ ու անկեղծորեն: Դու ինձ համար լույս ես, գույն, որը հայտնվեց իմ գորշ ու անհետաքրքիր կյանքում` այն դարձնելով լուսավոր:

-Միքայե՛լ, ինչե՞ր ես խոսում,- դողում էի ամբողջ մարմնով:

-Ես ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին:

-Միքայե՜լ…

-Լյուսի՛, ես սիրում եմ քեզ:

Նա մոտեցավ ինձ, մեղմ գրկեց ու շշնջաց այդ աստվածային բառերն ականջիս: Իմ սերը հասավ երկինք` դառնալով անսպառ, անվերջ, անսահման, անեզր:

-Միքայե՛լ, ես էլ քեզ եմ սիրում,- անլսելի շշնջացի ես:

Մենք գրկեցինք միմյանց: Այդ մի քանի րոպեներն այնքան տաք էին: Ես զգում էի, թե ինչպես է նա ներկում իմ մութ աշխարհը, ու ես էլ, ամենավառ գույները ձեռքիս, ներկում էի նրանը:

Բացվեց առավոտը` ամենագեղեցիկ առավոտն իմ կյանքի: Երբ ավարտեցի նատյուրմորտս ու շրջվեցի, տեսա բազկաթոռին քնած Միքայելի հիասքանչ դեմքը: Քննության էի: Արթնացրի նրան, ու մենք միասին գնացինք համալսարան: Ձեռքիս պատրաստի կտավն էր:

Հաջորդն օրն իմացա քննությանս արդյունքները: Ստացել էի բարձր գնահատական: Ես ու Միքայելը նշեցինք դա մեր տանը: Հետո նա տարավ ինձ իր տուն` ծանոթացնելու ընտանիքի հետ: Ես երջանիկ էի, քանի որ այլևս կիսադեմն անծանոթ չէր, ես էլ մենակ չէի: Գտել էի այն մարդկանց, ում պիտի տամ իմ ամբողջ սերն անմնացորդ, որոնց համար պիտի ապրեմ: Իմ կյանքն այնքա՜ն գունավոր էր նրա կողքին, նրա՛նց կողքին:

Օրագիրս բացեցի, ու բառերն իրենց-իրենց սկսեցին հոսել էջերի վրայով` ասես նկարելով իմ հեքիաթային գունավառ սիրո պատմությունը: Դրանից հետո ուր էլ լինեի,  օրագիրս ինձ հետ էր, ասես արտացոլումս լիներ կամ երկվորյակ քույրս: Այն նոր անունով էի մկրտել մեր սիրո պատվին` Նատյուրմորտ, և ուրախ էի, որ կորցրածս երազիս զգացողությունը գտել էի իրական կյանքում…

Սուսաննա Մանուկյան, Երևան, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 15 տարեկան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: