Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Իմ երազների քաղաքը

Իմ երազների քաղաքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Նա առաջ էր գնում: Շուրջը մթություն, անհստակություն ու անորոշություն էր: Արդեն հոգնել էր և ուժասպառ էր եղել, սակայն պետք է առաջ գնար:

Հանկարծ հայտնվեց մի քաղաքում: Սև զգեստներով մարդիկ էին: Նրանց հայացքները սառն ու անտարբեր էին: Երկինքը ամպամած էր: Օդը սառը: Ամպրոպ ու կայծակ էր:

– Ո՛չ, ո՛չ… Ես չեմ կարող ապրել այստեղ: Սա իմ քաղաքը չէ,- հուսահատված բացականչեց նա, և շարունակեց ճանապարհը, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ դուրս գա այդ քաղաքից:

Թվում էր, թե հիմա ուժասպառ կլինի և կընկնի ներքև: Բայց ոչ… Նա առաջ էր գնում: Ձեռքին վառվող ճրագ էր, որը խանգարում էր քաղաքի ներդաշնակությանը:

Նա նայեց ճրագին և մտածեց, որ եթե քաղաքում ավելի շատ ճրագներ վառվեին և մարդկանց հայացքները ավելի ջերմ լինեին, քաղաքը միգուցե ավելի տաք ու լուսավոր լիներ:

Նա գնում էր տարբեր քաղաքներով, սակայն ոչ մեկը նման չէր իր երազների քաղաքին:

Քաղաքներից մեկը կառուցված էր բեմի վրա: Այն լուսավոր էր: Բոլոր մարդիկ չքնաղ ու շքեղ զգեստներ էին հագել, որոնք ուշադրություն էին գրավում: Նրանց դեմքերին գեղեցիկ դիմակներ էին: Նրան թվաց, թե այնտեղ տաք է, սակայն երբ ներս մտավ, զգաց մարդկանց դիմակների տակ թաքնված դատարկությունն ու սառնությունը:

Հաջորդ քաղաքը շքեղ զարդարված էր: Այնտեղ բազմաթիվ հսկայական պալատներ էին, որոնք ամբողջովին պատված էին շողշողուն թանկարժեք քարերով: Զմրուխտե այգիներ էին և ոսկե գետակներ: Բայց քաղաքը խավարով էր պարուրված և այստեղ մարդիկ երջանիկ չէին:

Նա համառորեն առաջ էր գնում: Ահա շուտով նա կհասնի իր քաղաքը`տաք ու լուսավոր: Իր երևակայության արդյունքն էր այդ քաղաքը , թե իրականում այն գոյություն ուներ, նա չգիտեր: Բայց միևնույն է, նա չէր կարող ապրել այս քաղաքներից մեկում և ոչ մի կերպ չէր կարող համակերպվել իրեն շրջապատող մթությանն ու սառնությանը:

Այդ դեպքում նրա ճրագը կհանգեր, իսկ աչքերի մեջ կարտացոլվեր այդ դատարկությունն ու հուսահատությունը: Արդեն հոգնել էր իր շուրջը այդ ամենը տեսնելուց, և միակ բանը որ իրեն ջերմացնում էր, իր ձեռքերում գտնվող ճրագն էր: Նա արդեն ուժասպառ էր եղել, սակայն թույլ չէր տալիս, որ հուսահատությունը իրեն հաղթի:

Նա նայում էր վառվող ճրագին և իրեն թվում էր, թե ճրագի խորքում է գտնվում իր երազների քաղաքը, և նա շուտով կհասնի այնտեղ: Նա պատկերացնում էր, թե ինչպես է մտնում իր քաղաքը, և այնտեղ իրեն դիմավորում են քաղաքի բնակիչները, որոնք սպիտակ ու նուրբ զգեստներ են հագել, իսկ գլուխները զարդարել են հեքիաթային ծաղկե պսակներով: Օվկիանոսի մեջ արտացոլվել է երկնքի կապույտ անսահմանությունը: Անեզր կանաչ դաշտը զարդարվել է վարդերով, կակաչներով, մանուշակներով և այլ հեքիաթային ծաղիկներով: Անհամար թռչունների ստեղծած կախարդական ու մեղմ մեղեդին մարդկանց կանչում է դեպի երկինք, դեպի անսահմանություն: Արևի ոսկե շողերը թափանցելով կախարդական քաղաք ` ջերմացրել են մարդկանց սրտերն ու հոգիները: Ամեն ինչ պարուրված է սիրո ու բարության չքնաղ երանգներով: Բոլորը երջանիկ են և նրանց աչքերի փայլը ավելի անմար ու չքնաղ է թվում, քան արեգակինը: Այնտեղ ամեն ինչ հեքիաթային է և կախարդական:

Ահա իր շուրջը հուսահատված մարդիկ են: Նրանք բոլորը թույլ են տվել, որ սառնությունը, փառասիրությունն ու մթությունը պարուրի ու խորտակի իրենց , որովհետև նրանք չեն հավատացել իրենց երազանքին, կամ կորցրել են այն: Այժմ նրանց ճրագները հավիտյան հանգել են, և հայացքներում լոկ արտացոլված է իրենց քաղաքի սառնությունը: Նրանք հուսալքված`իրենք իրենց բանտարկելով, մնացել են այդ քաղաքում, չհավատալով իրենց երազանքների քաղաքին ու կախարդանքին:

Բայց նա հավատում էր, որ շուտով իր երազներում կառուցված քաղաքը իրականություն կդառնա:

– Ես կգտնեմ իմ երազը: Ես կգտնեմ այն: Նրանք չեն հավատում: Չեն հավատում երազանքներին: Իսկ ես վստահ եմ, որ կգտնեմ այն: Այն շատ հեռու է, Բայց միևնույն ժամանակ այնքան մոտ, ինչքան որ այս ճրագն է… Ահա հեռվում փայլում է այն և սպասում է ինձ,- կրկնում էր նա,- իմ երազների քաղաքը…Այնտեղ տաք է ու լուսավոր…

Վերջապես նա հայտնվեց մի քաղաքում, որտեղ լուսավոր էր ու գեղեցիկ: Այժմ մարդիկ իրեն տեսնելով ժպտում էին և նրանց հայացքները արեգակի էին նման: Հիմա նա այնքան հեռու էր այն խավար ու դատարկ քաղաքներից, բայց միևնույն ժամանակ հեռու էր նաև իր քաղաքից:

Անթիվ քաղաքներ իրար հաջորդելով տանում էին դեպի անսահմանություն … Դրանք հետզհետե ավելի լուսավոր էին դառնում, և ավելի էին նմանվում իր երազների քաղաքին…Ամեն քայլն անելուց նա զգում էր, թե ինչպես է մոտենում իր քաղաքին, բայց միևնույն է չի հասնում:

Մի պահ նրան թվաց, որ իր քաղաքը հենց այս անսահմանությունն է, և իր ձեռքի ճրագը, որը անվերջ վառվում է:

Նա առաջ էր գնում: Զգում էր, թե ինչպես ամեն քայլը անելիս շուրջը ամեն ինչ ավելի չքնաղ, հեքիաթային ու գրավիչ էր դառնում: Այդ ամենը նրան դուր էր գալիս, բայց միևնույն է չէր հագեցնում և նա ուզում էր առաջ գնալ:

Արդեն չափազանց հոգնած էր: Ոտքերն ու ձեռքերը ցավում էին, սակայն նա չէր ուզում կանգ առնել: Հանկարծ նրան թվաց, թե ամեն ինչ թաղվեց մթության մեջ և նա ուժասպառ ընկավ գետին:

Նա, արևի ջերմությունից արբեցաց, դժվարությամբ բացեց աչքերը և զգաց, որ ինչ որ մեկը ամուր բռնել է իր ձեռքը: Նրա աչքերը հանդիպեցին պատանու ջերմ հայացքին:

-Որտե՞ղ է իմ ճրագը,-հարցրեց նա:

-Այն քեզ մոտ է և միշտ քեզ հետ կմնա, եթե դու կամենաս, – պատասխանեց պատանին, որի կապույտ աչքերը նայելով ճրագին ավելի փայլուն և կախարդական դարձան:

– Իսկ որտե՞ղ եմ ես: Մի՞թե իմ երազների քաղաքում,- հիացմունքով բացականչեց նա և սկսեց շուրջը նայել: Նրանք օվկիանոսի ափին էին: Սկսեց կախարդված նայել օվկիանոսին,- Այն չքնաղ է… Թվում է, թe մի տեղ այն կավարտվի, բայց այն անսահման է:

-Այո: Այն չքնաղ է և հեքիաթային,- կրկնեց պատանին շարունակելով դիտել թռչուններին, որոնք վերև էին սլանում և կարծես փորձում էին հասնելով ամպերին մխրճվել այդ կապույտ երազի մեջ: Երբ նա նայեց պատանուն, նրան թվաց, որ այդ կապույտ աչքերում արտացոլվել է երկինքը, իր ամբողջ անսահմանությամբ և խորությամբ:

– Դու է՞լ ես քո երազը փնտրում այստեղ,-հարցրեց պատանին:

-Այո: ես փնտրում եմ իմ երազների քաղաքը:

-Iսկ որտե՞ղ է այն:

– Իմ երազների քաղաքը… Իմ երազների քաղաքը անսահմանությունն ու կատարելությունն է: Այն իմ հոգում է և քո աչքերում: Իմ երազների քաղաքը երկինքն ու օվկիանոսն են և այս ճրագը, որը անվերջ վառվում է,- ասաց նա, և նրա աչքերում ինչ որ բան փայլեց:

ատանին նայեց նրան, և ժպտաց կարծես հասկանալով թե ինչի մասին է նա խոսում:

Շաշիկյան Թերեզա, Երևան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 16 տարեկան


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: