Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Տունը

Տունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Ութ տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ ինձ գյուղ տարավ: Գարուն էր: Բնությունը ստեղծարար ճիգերի մեջ էր: Ամենուրեք կանաչ էր, անդորրություն: Հաղթահարելով կանաչապատ կամար կապած թխկիների շարքը՝ հասանք այն տանը, որտեղ պետք է անցկացնեինք առաջիկա երեք օրերը: Տունը դրսից մռայլ էր, պատերը՝ խունացած, և չնայած արևը շողում էր, իսկ շուրջս կանաչ էր, ինձ թվաց, թե ընկել եմ ամայի մի տեղ: Մեզ դիմավորեց մի կին՝ իր երկու աղջիկների հետ: Տան ներսը շատ ավելի հյուրընկալ ինձ թվաց. ամեն ինչ կոկիկ ու մաքուր դասավորված էր, տան գրեթե ամեն անկյունում ծաղիկներ էին դրված, տունը շնչում էր թարմությամբ:

Տանտիկինը նիհար, արագաշարժ, հիսունին մոտ մի կին էր: Ժամանակը նրա երեսը թաղել էր կնճիռների մեջ, բայց աչքերում դեռ մարմրում էին վառվռուն երիտասարդության հետքերը: Ավագ դուստրը, որ երեսուն տարեկան էր, շատ նման էր մորը. նա սև աչքեր ուներ, սև մազեր, թուխ մաշկ, ժպտուն երես, իսկ կրտսերը՝ կոպիտ, մռայլ, տղամարդկային դիմագծերով, ծանր շարժումներով, քսանին մոտ մի աղջիկ էր:

Մի փոքր հանգստանալուց և թարմ նախաճաշ ուտելուց հետո դուրս եկանք զբոսնելու: Երբ երկրորդ անգամ դրսից նայեցի տանը, ինձ այն նույնքան մռայլ թվաց, որքան առաջին անգամ, և ակամա մարմնովս դող անցավ: Սակայն շուտով մոռացա տան մասին, քանի որ թռչունները, գույնզգույն թիթեռնիկները շեղեցին ուշադրությունս: Անտառն այնքան խիտ էր, որ արևի լույսը հազիվ տեղ-տեղ ներս էր թափանցում ու լուսավորում ճանապարհը: Ինչ-որ կենսական էներգիա կար երկրագնդի այդ գողտրիկ անկյունում: Ասես կանաչ հրդեհ լիներ ամենուրեք: Քիչ անց երևաց նաև մի փոքրիկ ջրվեժ, որը կարծես ժայռից էր բխում: Ամեն ինչ այնքան հեքիաթային էր: Սակայն տարօրինակ զգացումը ինձ չէր լքում. ինչ-որ խորհրդավոր հակադրություն կար չքնաղ բնության և այդ տան խոժոռ պատերի մեջ:

Գրեթե ամբողջ օրը անտառում զբոսնեցինք: Երբ պետք է վերադառնայինք, երեկոյան աղջամուղջի մեջ նշմարվեց տունը: Հորս ձեռքը բռնեցի և աչքերս փակ սկսեցի քայլել խորդուբորդ արահետով: Երկու անգամ քիչ էր մնում ընկնեի, ինչի համար արժանացա հորս սաստող հայացքին: Գլուխս կախեցի և այդպես քայլեցի մինչև տուն: Երբ հասանք, այնքան հոգնած էի, որ թեթև ընթրելուց հետո անմիջապես քնեցի: Սակայն կեսգիշեին մոտ արթնացա և տեսա, որ հյուրասենյակի լուսը վառվում է: Մոտեցա դռանը և երեխային հատուկ հետաքրքրասիրությամբ սկսեցի որսալ ամեն մի բառը…

Ինչ-որ հետաքրքիր, ավելի ճիշտ խորհրդավոր բան կա մեծերի խոսակցությունների մեջ: Այս անգամն էլ բացառություն չէր: Խոսքը ինչ-որ աներևույթ, խորհրդավոր անձի մասին էր, որը վաճառական էր եղել: Շատ մարդկանց էր թալանել և անգամ մեկին էլ սպանել էր: Երկար ժամանակ ընտանիքով թափառել էր ամեն տեղ ու բոլորից մերժված էր եղել: Վերջապես գտել էին այդ փոքրիկ անկյունը և կառուցել իրենց տունը: Բայց այդտեղ էլ էր նա մերժված. այս անգամ ինքն իր կողմից: Շատ էր տառապել, գրեթե կյանքի կեսը ապրել էր բոլորից մեկուսացած, ապաշխարել էր՝ ներում աղերսելով Աստծուց: Որոշ ժամանակ անց փորձել էր իր զոհերի սերունդներին նյութական օգնություն ցույց տալ, որի պատճառով կորցրել էր ահռելի կարողությունը և ընկել մեծ պարտքերի մեջ: Տանտիկինը հորիցս օգնություն էր խնդրում: Վախենալով բռնվելու դեպքում հնարավոր հետևանքներից` շուտ գնացի պառկելու, բայց այդ աներևույթ անձը մտքիցս դուրս չէր գալիս: Ո՞վ էր նա, այս կնոջ բարեկա՞մը, թե ամուսինը: Եթե ամուսինը, ապա որտե՞ղ էր նա այդ ժամանակ: Իմ երևակայության մեջ ես արդեն նրան պատկերացնում էի գորշ, մռայլ ու խիստ հայացքով, թավ հոնքերով և սև աչքերով: Մտածում էի, թե ինչու՞ էր մարդ սպանել, հանուն փողի՞, թե՞ հանուն կնոջ էր ձեռք բարձրացրել իր նմանի վրա:

Առավոտյան ինչ-որ ձայներից արթնացա: Դուրս եկա հյուրասենյակ. ամեն ինչ խաղաղ ու սովորական էր: Շուտով նկատեցի, որ տանտիկինը ինչ-որ սենյակ է անընդհատ մտնում-դուրս գալիս: Երբ բոլորից գաղտնի մտա այդ սենյակը, այնտեղ գտա մի ծերունու: Ծերունին իմ կողմը նայեց, սակայն ոչինչ չասաց: Մտաբերելով նախորդ օրվա լսածս՝ չէի կարողանում հավատալ, որ խոսքը այդ մարդու մասին է եղել: Ծերունու դեղնած աչքերի մեջ այնքան կարոտ կար: Ամեն անգամ, երբ շնչառությունը արագանում էր, և կուրծքը սկսում էր արագ ելևէջել, լալիս էր երեխայի պես… Այն աչքերը, որոնք չէին թրջվել երիտասարդության տարիներին, լի էին արցունքով ծերության ժամանակ, այն ձեռքերը, որոնք մարդ էին սպանել ժամանակին, անօգնական պարզվում էին դեպի երկինք, այն շուրթերը, որոնք խաբել էին, Աստծուց փրկություն էին աղերսում: Երևում էր, որ ծերունին  պատմելու, բացատրելու, արդարանալու կարիք ուներ, բայց կարծես խոսելու ուժ չուներ այլևս: Գուցե համարձակությունը չէր ներում, գուցե չկար այնպիսի մեկը, որը կկարողանար հույս ու հավատ ներշնչել նրան, ստիպել, որ նա բացի իր հոգու գաղտնարանները, խոստովանի և անկեղծ զղջումի արցունքները լվանան նրա պղտորված հոգին: Շուտ դուրս եկա այդ սենյակից ավելի շատ ճնշվածությունից, քան թե բռվելու վախից:

Օրը ծանր անցավ: Սենյակում նստած գիրք էի կարդում, իսկ հայրս գնացել էր մոտակա գյուղ գործով, որը, ինչպես ինձ էր թվում, անմիջական կապ ուներ ծերունու հետ, և շատ ուշ էր վերադառնալու: Իսկ տան մթնոլորտը ճնշող էր: Գրեթե ամբողջ օրը տանտիկինը և իր երկու աղջիկները ինչ-որ բան էին փսփսում, կարծես մոտալուտ դժբախտության մասին խոսեին:

Գիշերը նորից արթնացա: Լիալուսինը, երկու բարձր ժայռերի մեջտեղում կախված,  այնքան մեծ էր, որ լուսավորում էր ամբողջ սենյակը, իսկ աստղերն այնքան պայծառ էին շողում երկնքում, որ կարծես արծաթյա սկուտեղի մեջ հավաքված ադամանդներ լինեին: Բայց շուտով ուշադրությունս ուրիշ բան գրավեց: Ձայներ էին լսվում հեռվից: Ինչ-որ տղամարդու ձայն ու խուլ հառաչանքների պատառիկներ էին հասնում ինձ: Բայց այս անգամ համարձակությունս չներեց գնալ կամ լսողությունս լարել և լսել, թե ինչ են խոսում: Արագ պառկեցի և շուտով ավելի շատ թմրություն, քան թե քուն իջավ վրաս:

Առավոտյան, երբ արթնացա, թարմ օդն ու մաքրագործ լույսն ինձ կանչեցին դուրս: Դրսում արևը շողում էր ավելի պայծառ, քան երբևէ: Երբ նայեցի տանը, ինչ-որ  փոփոխություն նկատեցի: Այն զարմանալիորեն այլևս մռայլ չէր, ավելին, կարծես լույսով պարուրված լիներ: Տանտիկինը պարտեզում ծաղիկներ էր հավաքում, և երբ մոտեցա, աչքերում խտացած տեսա երախտագիտությամբ ու տխրությամբ շաղախված ինչ-որ տարօրինակ արտահայտություն: Կարծես գուշակելով հարցս` գլխով ցույց տվեց ավտոմեքենայի մոտ ինձ սպասող հորս: Մտածեցի, որ ինչ-որ շտապ դեպք է պատահել քաղաքում, դրա համար էլ սպասվածից շուտ ենք վերադառնում: Ճանապարհին հայրս պատմեց, որ երկար ժամանակ զրուցել է ծերունու հետ, որը դատարկել է հոգին: Վերջապես բացվել էին նրա կարկամած հոգու կապանքները: Երբ համարձակություն հավաքեցի և վերջապես հորիցս հարցրի, թե ինչու էր մարդ սպանել, հայրս լռեց: Սակայն մի որոշ ժամանակ անց մեկ նախադասություն ընդամենն ասաց.

-Ինչե՜ր ասես չես անի հանուն ընտանիքիդ,- ապա ավելացրեց, որ առավոտյան ծերունին հոգին ավանդել է:

Նա հեռացել էր կյանքից հոգին թեթևացրած: Մենությունը չէր եղել նրա վերջին ժամերի ընկերը, կարողացել էր դուրս գալ այդ ինքնամեղադրանքների ճահճից: Այո՛, մահն իր վերջակետը դրել էր ճիշտ տեղում…

Այդպես էլ չկարողացա ամբողջովին բացահայտել ինձ համար այդ ծերունու պատմությունը, սակայն մի բան հասկացա: Անպատիժ մնացած մարդիկ չկան, ինչպես որ անմեղսունակ մարդիկ չկան: Մարդիկ մեղքեր են գործում և ըստ իրենց մեղքի ծանրության` պատժվում: Կյանքում ամենակարևորը անկեղծ հավատն է, ամենագեղեցիկը՝ մեծ, մաքուր սերը, ամենաուժեղը՝ անկոտրում հույսը, ամենաանխոցելին՝ աստվածային  գթասրտությունը:

Աստղիկ Ալթունյան, Երևան, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 15 տարեկան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: