Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Կրթագաղթ

Կրթագաղթ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Նպատակներս լցրեցի ուսապարկիս մեջ, երազանքներս գրկեցի ու գնացի համալսարան: Երկու տարի առաջ դեռ չգիտեի, որ ուսապարկս լցված ավելորդ գրքերը դուրս են շպրտելու նպատակներս, իսկ երազանքներիս փոխարեն հիասթափություններս եմ գրկելու:

Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում եմ սովորում, ընթացքում էլ փոխանակման ծրագրով մի կիսամյակ հասցրի ԱՄՆ-ում լինել: Մինչև ԱՄՆ գնալն էլ էի հասկացել, որ համալսարանն ամենևին էլ այն չէր, ինչ ես էի պատկերացնում, սակայն վերադարձիցս հետո հիասթափություններն ավելի ուժեղ էին:

Չեմ կարող չնշել, որ ֆակուլտետս համալսարանի լավագույններից մեկն է, եթե ոչ ամենալավը: Էստեղ կաշառակերություն չկա, դասախոսների մեջ գերակշռում են լավ մասնագետները, մոխրագույն հասարակությունից տարբերվող ուսանողներ կան, բայց դա չի փրկում ընդհանուր ողբերգությունից:

Դռներից ներս մտնելուն պես հանդիպում ես պատերի մոտ խումբ-խումբ կանգնած, երբեմն էլ` պպզած, «քյառթու» դասակարգին պատկանող տղաներին: Չենք մոռանում նրանց ձեռքին ծխախոտ, իսկ բերանին` հայհոյանքներ պատկերացնել: Առաջին հարկում նույնիսկ մի լսարան կա, որը ես պաշտոնապես «բիսեդկա» եմ հռչակել, քանի որ ամեն անգամ էնտեղ դասի գնալիս ծխախոտի մնացորդներ ու բլոտի համար հարմար դասավորված սեղաններ ենք գտնում:

Այս տղաներին լիարժեք դարձնելու համար, պատկերացնենք նաև «ծիտ» աղջիկներին, ովքեր դիպլոմը համարում են օժիտի անբաժանելի մասնիկ և դասամիջոցի ամեն վայրկյանն օգտագործում են իրենց դեմքի գաջը, կներեք` շպարը թարմացնելու համար: Արդարության համար ասեմ, որ նրանք ուսանողների մեծամասնությունն են:

Իսկ ԱՄՆ-ի ոչ այնքան զարգացած նահանգի` Ալաբամայի, մի  փոքրիկ քոլեջում, ուսանողները պարապում էին թե՛ գրադարանում, թե՛ միջանցքներում, թե՛ դրսում խոտերին նստած: Բոլորը գալիս էին համալսարան կրթություն ստանալու, այլ ոչ թե ժամանակ վատնելու, քանի որ հիմնականում հենց իրենք էին վճարում իրենց ուսման վարձը:

ԵՊՀ-ի դասախոսներն այլ պատմություն են. մի քանիսն էնքան լավն են, որ ոչ միայն ուզում ես իրենց դասերը լավ սովորել, այլև երբ լսարանից դուրս միջանցքում տեսնում ես, մի կիլոմետրանոց ժպիտ է գծագրվում դեմքիդ, ոմանք էլ եկել են հեռավոր սովետից և մեր համալսարանը համարում են աշխարհի լավագույն կրթական հաստատությունը:

– Ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում ինձանից,- այսպես ինձ դիմավորեց դասախոսներիցս մեկը, ով Հայաստանի ամենահայտնի ու ճանաչված գիտնականներից է:

Երբ ես պատմեցի, որ կես տարով սովորում էի Ալաբամա նահանգի մի համալսարանում, պատմեցի թե ինչ եմ սովորել, արձագանքեց.

– Ու դու կարծում ես, որ քո քոսո՜տ նահանգի քոսո՜տ քոլեջը ավելի լա՞վն էր, քան մեր մայր բուհը: Դու վաբշե քեզ ու՞մ տեղն ես դրել, որ գնացել ես ու իմ դասերին չես նստել:

Դրանք ո՞վ են էդ ամերիկացիք, ամեն ինքնակոչ պրոֆեսոր ա կոչվում, մի ինքնակոչ էլ դու ես: Վաբշե ես քո հավեսը չունեմ…

Ուզում էի ասել, որ ես ինձ ոչ մեկի տեղն էլ չեմ դրել, ես ուղղակի իմ երազանքին հասնելու ու արտասահմանում կրթություն ստանալու ճանապարհն էի բռնել, բայց արցունքներս չզսպելով դուրս եկա նրա սենյակից ու դեկանատ վազեցի` դուրս գալու դիմում գրելու: Ես չէի տխրում, որ մեկ տարի գերազանց սովորելուց հետո առաջին ցածր գնահատականն էի վաստակել, ես վիրավորանքից էի լաց լինում, քանի որ պապիս տարիքի գիտնական մարդը կարողացավ այս ձևով խոսել հետս: Ես լաց էի լինում, որովհետև այս համալսարանում դասախոսը հարգանք է պահանջում, սակայն ինքը չի հարգում իր ուսանողին:

Երբ հազիվ բառերս իրար կապելով հայտնվեցի դեկանատում ու խնդրեցի դուրս գալու դիմումի ձևը, այդ պահին իմ ամենասիրելի դասախոսներից մեկը եկավ, մի քիչ խոսեցինք ու թույլ չտվեց դիմում գրեմ: Հա, ցանկացած վատ երևույթի հակակաշիռն էլ կա, դասախոսներից մեկը նույնիսկ բաց թողածս դասերն առանձին բացատրում էր ինձ, բայց փաստն այն է, եզակի լավ դասախոսները կրթական համակարգը փտախտից չեն փրկում:

Հակառակ իմ ցանկության, ես դեռ Երևանի պետական համալսարանի ուսանող եմ: Ամեն օր մաշկիս վրա զգում եմ անարդարությունը, շնչում անհավասարությունը, փորձում հաղթահարել դասախոս-ուսանող հսկայական անդունդը…

Պրոռեկտորների ծամոն ճպճպացնող քարտուղարուհիները, հավերժ մուննաթ եկող դեկանատի աշխատողները. ամենուր մարդիկ են, որոնք ոչ միայն քեզ որևէ բանում չեն օգնի ու աջակցի, այլև հետ կկանգնեն իրենց ասածներից: Անհամեմատելի է Միացյալ Նահանգների հետ, երբ համալսարանում որևէ մեկին էիր դիմում ինչ-որ հարցով, ժպիտը դեմքներին փորձում էին ամեն ինչով օգնել քեզ:

Իմ գերազանցությունն այս համալսարանում հազար դրամ արժեր. երբ գերազանցիկ էի 6000 դրամ կրթաթոշակ էի ստանում, իսկ հետո 5000 դրամ դարձավ: Ծիծաղելի թիվ է, չէ՞. նույնիսկ ամենօրյա ճանապարհածախսի գումարը չի փոխհատուցում:

Ես  ապագա ֆիզիկոս եմ ու ես գիտեմ, որ երբ ավարտեմ համալսարանս, մասնագիտական աշխատանք չեմ գտնելու, քանի որ օլիգարխների ու քծնողների ժամանակներում ոչ ոք բանի տեղ չի դնում գիտնականներին:

Ես Ռուբին եմ, 18 տարեկան… Ես ուզում եմ ապրել ու աշխատել Հայաստանում, ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանի գիտության մեջ, վերջապես ուզում եմ իմ սիրելի մարդկանց կողքին լինել, բայց համալսարանս բռնել է կոկորդիցս ու ինձ դուրս է նետում, ասելով որ եթե ես Հայաստանում մնամ, ապա կարող եմ գրողի ծոցն ուղարկել իմ բոլոր երազանքներն ու նպատակները…

Ես չեմ արտագաղթելու, ես կրթագաղթելու եմ:

Ռուբինա Դավթյան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, 18 տարեկան


2 Comments

  1. Անոնիմ says:

    մեկ է ամեն տաեսակի գաղթը գաղթ է և հետո,թեկուզ կրթագաղթես,դա որևէ կերպ կնպաստի Հայաստնաում աշխատանք գտնելուն՞

    Like

  2. byurie says:

    Առաջին ռեակցիաս. վա՜յ, կրթագաղթ բառը շրջանառության մեջ է մտել: Երկրորդ ռեակցիաս. վա՜յ, Ռուբին🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: