Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Արտագաղթ

Արտագաղթ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Ասում են` պանդխտելը հայի ճակատագիրն է:

Ասում են` հայերը գաղթական ազգ են, ու հայկական գաղթօջախներն ստեղծվել են դեռևս չորրորդ դարում:

Ասում են` հայերն են հորինել «Որտեղ հաց, էնտեղ կաց» առածը:

Այսպես ազգագրագետները, քաղաքագետները, հոգեբաններն ու սոցիոլոգները, իրար հերթ չտալով, իրար խառնված, օրեցօր ահագնացող արտագաղթի պատճառներն են որոնում, վերլուծում, փորձում բացատրություններ տալ, ինչու չէ նաև առաջարկություններ անել, բայց լուծում դեռևս չկա:

Բոլորն անհանգիստ են ու մտահոգ, որովհետև արտագաղթն ահռելի չափերի է հասնում, որովհետև այն կորստաբեր է, ամայացնող ու ավերող:

Արտագաղթ է, ու Հայաստանից հեռանում է հայ մարդը, ով արդեն հինգ հազար տարի է` ապրում է այս հողում: Հնագույն ազգերից շատ քչերին է բախտ վիճակվել անցնել դարերի միջով, մեռնել ու վերստին հարություն առնել: Շատ քչերն են մտել 21-րդ դար, և այդ քչերից մեկը հայ ժողովուրդն է, որ իր հողի վրա է ապրում այսօր և ունի անկախ պետականություն: Բայց այսօր նա հեռանում է իր հայրենիքից, առանց ափսոսալու թողնում է իր հայրենիքը, ծնողներին, հարազատներին: Նա հապճեպ վաճառում է բնակարանը, տարիներով ձեռք բերած տուն ու տեղը ցաքուցրիվ անում ու գնում` օտար երկրներում բախտ որոնելու և լավ ապրելու հույսով:

Հայաստանը հայաթափվում է: Անկատար է մնում հայոց նվիրյալների երազանքը` ունենալ անկախ պետականություն, շենացնել, հզորացնել այն, այս քաղաքակիրթ աշխարհում ապրել արժանապատվորեն: Ամեն ինչ, սակայն, մնում է անցյալում թղթի վրա գրված ռոմանտիկ բանաստեղծություն: Իսկ դաժան իրականությունը այսօրվա` առայժմ ոչ մի ձևով չկասեցվող արտագաղթն է: Արտագաղթ, որ ցավ է դարձել մեզ համար, մտածմունք ու առօրյա խոսակցություն:

Գնացողների մի մասն ասում է. «Աշխատատեղ չկա. ապրելու հնարավորություն չկա»: Եվ օտար երկիրը (հատկապես լայնատարած ու բնական ռեսուրսներով հարուստ) հրաշք է թվում, և հայ մարդիկ գնում են հրաշքների հետևից, բայց չէ որ հրաշքների սպասում են միայն երեխաները, ուստի այնտեղ էլ հաստատվելը, կայանալը հեշտ չէ: Տարիներ են պետք` լի հազար ու մի խոչընդոտներով:

Իհարկե, հայրենի իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ աշխատատեղեր լինեն, բարձր աշխատավարձ լինի: Մարդկանց աչքերը բացվել են, և նրանք տեսնում են նոր աշխարհի զարգացող տնտեսության արդյունքները: Համացանցը լայն հնարավորություն է ընձեռում, բայց ամեն ինչի համար փող է պետք, իսկ փող չկա: Այստեղ է գլխավոր խնդիրը, որը անկասկած սոցիալական խնդիր է: Եվ լավ ապրելու գայթակղությունը արտագաղթող մարդկանց համար դարձել է գերխնդիր: Չգիտես այդ մարդկանց մեղադրե՞ս, թե՞ չէ: Բայց լավ ապրելը, ուտել-խմելը, շատ փող աշխատելը կյանքի նպատակ դարձնել, կարծում եմ ճիշտ չէ: Ասում են` փողը երբեք շատ չէ, բայց փաստ է նաև, որ մարդկության մեծ մասը դարերով շատ պարզ է ապրել, պարտադիր չի եղել մեքենա, ամառանոց, տուփով զարդեղեն ունենալը: Պարզ ապրելը եղել է կենսակերպ, և շատ ավելի կարևոր են եղել հոգևորը, մնայուն արժեքներ ստեղծելը: Ստեղծագործելը, իրենից հետո ինչ-որ բան թողնելը մարդկանց կյանքն իմաստավորել է, լուսավոր ուղիներ բացել նրանց համար, և մարդիկ գոհ են եղել իրենց ապրած կյանքից: Բայց այս խելահեղ քսանմեկերորդ դարում մարդկանց ի՞նչ է պատահել:

Կարդում եմ ինչ-որ կայքէջում, որ ամբողջ աշխարհում ժողովուրդների տեղաշարժ կա: Ռուսները գաղթում են Եվրոպա, եվրոպացիները գնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ի՞նչ է նրանց ուզածը. արդյո՞ք բոլորն են Էլդորադո փնտրում: Միթե զարգացած է ժողովրդավարական Եվրոպան չի բավարարում նրանց պահանջները:

Գնացողների մի մասն էլ պատճառաբանում է, որ երկիրն այն երկիրը չէ, որտեղ պիտի ապրեն իր զավակները. այստեղ ապագա չկա: Բայց չէ՞ որ ապագան կերտում են հենց երկրի զավակները, կերտում են անձնուրաց պայքարով, քարը քարի վրա դնելով: Օվկիանոսից այն կողմ ապրող ոչ մի բարի քեռի չի գա, որ մեր երկիրը կառուցի:

Այո´, անապատի կվերածվի այն երկիրը, որի զավակները, անտեր թողնելով այն, հեռանում են: Իսկ ո՞վ չի տիրի անտեր երկրին: Իսկ եթե հետադարձ հայացքով նայում ես անցած քսաներեք տարվան, մտածում ես թե ում էր պետք պայքարը, զոհերի տալը Արցախի ազատագրման համար, եթե երկրում մարդ չի մնալու: Բոլորը պետք է քաղաքացիական գիտակցություն ունենան, որ լավ երկիր ունենալու համար պայքար է պետք: Ամեն ժողովուրդ տիրոջ իրավունքով է ապրում իր հողի վրա, ինքն է կերտում իր պատմությունը, ինքն է զինվոր տալիս իր բանակին ու կերակրում իր բանակին, ուստի երկրից, հայրենիքից խռովել պետք չէ: Չեմ վարանում ասել, որ այսօրինակ մտածելակերպը մանկամտություն է, տղայություն: Ասում են` եթե հարուստ և զարգացած գաղթօջախներ ունենաս, միջազգային հեղինակությունդ էլ բարձր կլինի: Մոլորություն է: Արտերկրի ոչ մի հարուստ գաղթօջախ հայրենիք չի դառնա: Լեռներում ծվարած մի աղքատ սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցով, այսօր ավելի թանկ է մեզ համար, քան արտերկրի հարուստ ու բարեկեցիկ կյանքով ապրող որևէ գաղթօջախ, որովհետև այդ աղքատ գյուղը հայրենիք է պահում: Հայրենիքն այնտեղ ապրելով, հայրենի հողը հերկելով, երեխա մեծացնելով են պահում: Եվ երեխայի մեջ էլ տիրոջ հոգեբանություն են ներարկում: Եվ երբեք լավ կյանքի չեն սպասում, որ պիտի վերևից ընկնի: Լավ կյանքն ապրողներն են ստեղծում` սրբորեն պահելով ու պահպանելով ազգային, հոգևոր, մշակութային արժեքները, ինքնությունը, լեզուն, ծեսերն ու սովորույթները: Հետո դրանք փոխանցում են սերունդներին, իսկ արտագաղթը կտտում է նաև կապը, արժեքների փոխանցման պահը: Օտար հողը, իր մշակույթը, իր արժեքներն է տալիս, և ի վերջո պապերից ստացվածը մի օր կորչում է ինչքան էլ ջանք թափվի:

Ցավալի է նաև, որ հեռանում են լավ մասնագետները, արհեստավորները, վարպետները, հմուտ ձեռք ունեցողները ու կարողունակները: Ախր ժամանակ է պետք այդպիսի մասնագետներ աճեցնելու համար, ուստի սիրտդ չի կարող չցավել, երբ տեսնում ես գաղթողներով լեփ-լեցուն ավտոբուսը: Բոլորի դեմքերին էլ դրոշմված է անհանգստություն, տագնապ: Գնում են: Համոզված եմ, որ շատերը խոր ցավ են ապրում, բայց վճռված է գնալ:

Իմ խորին համոզմամբ չպետք է համակերպվել արտագաղթ կոչված այս հրեշավոր երևույթի հետ: Համակերպվողի հոգեբանությունը հուսահատվածի, անհայրենիք ու անկամ մարդու հոգեբանություն է: Պետք է մտածել այն սրբությունների մասին, որոնք թողնում են ու հեռանում: Եվ որ ամենակարևորն է` պետք է զգալ քեզ երկրի լիիրավ քաղաքացին ու տերը, հավատով նայել վաղվա օրվան, պայքարել, ոչ թե հուսահատվել ու բռնել արտագաղթի մոլորապատիր ճանապարհը:

Եվ երբ այսօր հակամարտություններն ավելանում են, ազգերն իրար հետ համերաշխ չեն, ուստի աշխարհի ապագան էլ է անորոշ: Ոչ ոք չգիտի թե ինչ կլինի վաղը, հայրենիքն այսպես անտեր թողնելը հանցագործության նման բան է, մեղք, և եկող սերունդներն էլ չեն ների մեզ` հայրենիքը լքելու համար:

Հայրենիքն ամեն բանից թանկ է, հայրենիքում ապրելը հերոսություն չպետք է համարել: Հայրենիքում ապրելը, այնտեղ ընտանիք կազմելը, այնտեղ արարելը յուրաքանչյուր հայորդու պարտքն է, ավանդը` ստացած իր նախնիներից:

 Սաքանյան Անուշ, Լոռի, Վանաձորի թիվ 24 դպրոց, 16 տարեկան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: