Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Ինքնազրույց կամ սալաթ մտքերի

Ինքնազրույց կամ սալաթ մտքերի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Քաղաքը, որ փնտրում եմ, ձյուների տակ է,
Արեւի մեջ է ու ձյուների տակ…

Մար, այ Մար, հլը լսի, իսկ դու ի՞նչ քաղաք ես փնտրում, գիտե՞ս գոնե, թե ինչ է ուզածդ: Ըմ, երևի չէ, գիտե՞ս: Նայի, արդեն համարյա 20 տարեկան ես, համարյա 20, հլը մի քանի անգամ ինքդ կրկնի, 20 տարեկան, բայց ոչ գիտես, թե ի՞նչ ես ուզում, ումի՞ց ու ինչու՞, թե ի՞նչ քաղաք ես փնտրում, կամ գուցե գտե՞լ ես, հը՞ն: Չէ, չնայած ո՞ւմ եմ ի՞նչ ասում, քեզնից ի՞նչ քաղաք գտնող: Մարդիկ արև են ուզում, Հնդկաստան, ծաղիկներ, գարուն են ուզում մարդիկ, իսկ դու նստել ես մենակ տանը, վերուվար ես անում ֆորումներում ու սոցիալական կայքերում անընդհատ թարմացվող ու ոչինչ չասող գրառումներն ու նվիրում ես քեզ անգործությանը: Մար, լուրջ արի մի նորմալ գործով զբաղվի, օրինակ՝ կարդա: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ ժամանակակից հայ գրականություն էիր ուսումնասիրում, անխնա կարդում էիր բոլորին, կարծիքներ գրում, փիլիսոփայում, սիրած հայ ժամանակակից ունեիր, սիրած տողեր. հիմա ինչի՞ էլ չես հետաքրքրվում. Չե՞ս հավատում էլ գրականությանը:

Չգիտեմ՝ հավատում եմ, թե չէ, բայց մոտենում եմ համակարգչին ու փորձում մի բան գտնել. ինձ էլ, ինչպես երևի շատերին ժամանակակից հայ գրականությունը սպառված է թվում. ի՞նչ պիտի ունենանք ասելու, որ դեռ չենք ասել: Իսկ դու հլը փորձի կարդաս, կիմանաս՝ միգուցե իրո՞ք ունենք մի բան ասելու, համ էլ՝ ասելիքներ միշտ էլ կան, ուղղակի պիտի ճիշտ ասողին լսես: Ի՞նչ ես է փիլիսոփայում, լավ կլինի կարդաս մի երկու բան, վերջապես հասկանանք՝ հավատա՞նք:

Ըհըն, սիրածդ երաժշտությունը միացրիր, ապրես, էն նարինջը մոտիկ բեր, կուտես ընթացքում, հըմ, ի՞նչ, ի՞նչ կարմիր նարինջ, սպասի, կարծես թե գտանք մի բան՝ կարդամ: Նարինջ, կարմիր նարինջ, կլոր կտրտել, շարել են ափսեի եզրով: Հետո էլ մտածում էիր, որ մենակ դու ես գրում նարինջների մասին, նայի՝ դու մենակ չես:

Ինչ էլ ֆիլմային հնչեց՝ դու մենակ չես: Հա՛, բայց ճիշտն եմ ասում, ի: Լավ, հլը շարունակությունն էլ կարդա, արդեն սկսեց դուր գալ: Իրոք որ ոնց որ իսկական լինի, ոչ թե կինո, սիրուն ա, կարմիր նարինջ, սպիտակ ապակի: Որ տային կուտեի՞ր, հեչ մտածե՞լ ես էս մասին: Մեկ-մեկ մտածել եմ, որ լիքը մարդիկ, կամ երևույթներ ապակու նման շարվում են կոկորդիս ու ստիպված եմ լինում կամ կուլ տալ, կամ հետ թքել, նույնն է, թե իրոք սալաթ պատվիրես ու ապակիներով բերեն, չիմանաս՝ ուտել, թե՞ չէ: Հա, բայց կյանքն էլ բանաստեղծությունների է նման. մարդիկ գրում են այն, ինչ զգում են չէ՞:

Հա՛, տես, որ չկարդայի, չէինք էլ հիշելու, որ երբեմն արյունոտ կոկորդով ենք պառկում քնելու, որովհետև ինչ-որ մարդկանց շատ սիրելուց, կուլ ենք տալիս ու ստիպված մի քանի օր շարունակ արյան համը զգում ենք բերաններումս: Բայց ավելի հեշտ չէ՞ր լինի, որ չուտեինք էդ սալաթը, ուղղակի կանչեինք մատուցողին ու հետ տայինք, կարող էինք ուրիշ բան վերցնել, ասենք՝ սուրճ, կամ մի կտոր թխվածք:

Չէ՜, դու շատ հեշտ ես է մտածում, մարդկանց այդքան հեշտ չես կարող հետ տալ, կյանքումդ հո՞ մատուցողներ չկան, որ կանչես, չհավանածդ մարդուն հետ տաս: Համ էլ բառ առ բառ է գրված՝ կրակոց, շատ մոտից էր. Հա՛, երբեմն այնպիսի մոտիկ մարդիկ են կրակում կամ կոկորդումդ մնում, որ ստիպված պիտի ընդունես կրակոցն ու էն ասածս արնահամը զգաս բերանումդ: Մարդիկ արնահա՞մ ունեն: Դե հա, էն էլ ինչ դառը արնահամ, մի քանի անգամ զգացել եմ, չես պատկերացնի, թե ինչ վիրավորական արնահամ է: Օֆ, ես քեզնից բան չեմ հասկանում՝ վիրավորական արնահամս ո՞րն է: Այ, որ մի քանի անգամ էդ կրակոցներով սալաթից ուտես, կիմանաս: Լսի, բայց տեսնես հեղինակը կերա՞վ վերջը:

Չգիտեմ, հենց տեսնենք, իրեն էլ կհարցնենք, չնայած մի քիչ առաջ դու էիր ասում՝ դու մենակ չես. նայի, մարդիկ սովորաբար գրում են էն, ինչ զգացել են, հո՞ մենակ ես չեմ, որ արյունոտել եմ կոկորդս: Ես մենակ չեմ: Չէ, կարող է և չուտելու ելքեր կան, ես մտածում եմ, որ դու անտանելի թույլ մարդ ես ու կուտեիր էն բոլոր սալաթները, որ քո դիմաց կդնեին ընկերներդ ու ծանոթներդ, իսկ հեղինակը միգուցե և՝ ոչ:

Ես մտածում եմ, որ կերած չի լինի Մար: Դե ասեցի՝ իրան կհարցնենք էլի վայ, համ էլ ես թույլ չեմ. մի օր ես էլ չեմ ուտի էդ կրակոցներն ու ապակու կտորները, զզվել եմ արդեն անընդհատ կոկորդիս դառնահամից, հեչ հաճելի չէ: Հենց մենակ դրա համար կարելի է չուտել: Վա՜յ, չէի տեսել՝ գարեջուր, կիլիկիա, մեծ, ի՞նչ ես կարծում. ինչի՞ համար կլինի: Դե ես հավատում եմ, որ ոչ մի բառ երբեք պատահական չի գրվում ու հավատում եմ, որ էս կիլիկիան էլ պատահական չի հայտնվել սալաթի մեջ. Երևի ցավը բթացնելու համար, հա՞: Եսի՞մ, չգիտեմ, հեղինակին տեսնենք, էս էլ կհարցնենք: Տես, որ մանրուք էր, բայց չէինք նկատել, հենց սկզբից պիտի մանրուքների մեջ փնտրեինք: Լավ, արդեն փիլիսոփայում ես էլի: Չէ՜, թող ասեմ, թող ասեմ, որ մենք երբեմն չենք նկատում էն ամենակրևոր դետալները, որոնք կան մեր կյանքում, միգուցե մանրուքներ են, բայց կիլիկիան հո՞ մեղավոր չի, որ մենք իրեն ուշադրություն չենք դարձրել: Արի սրանից հետո ավելի ուշադիր լինենք ու նայենք մանրուքներին, հա՞:

Հիմա էսքանից հետո էլի չգիտե՞ս, թե ինչ է ուզածդ: Մտածում եմ: Երևի ամեն մարդ էլ փնտրում է իր քաղաքը, իր ձմեռն ու գարունը, էն գարունը, որ միգուցե էլ երբեք էլ չի գալու, ամեն մարդ ունի իր սալաթը՝ դրված հենց իրա դիմաց, մատուցողուհու թեթև ձեռքով ու ամեն մեկն ինքն է որոշում՝ ուտի՞, թե՞ չէ էդ գրողի տարած կրակոցներով սալաթը: Մար, մի փիլիսոփայի էլի, հավեսդ չունեմ: Չեմ փիլիսոփայում, հետաքրքիրն էլ էն է, որ իրոք չեմ փիլիսոփայում, ուզում եմ ինքս ինձ հասկանամ, դիմացիններիս, ժամանակակից գրողներին, էն կրակողներին ու ապակի կերցնողներին, ուզում եմ հասկանալ, թե էլ ինչի՞ չեմ կարդում մեր ժամանակակիցներին: Ես գիտեմ ինչի, սպասի ասեմ՝ ինչ խոսում էինք, նկատեցի՞ր, որ ասում էինք՝ դու մենակ չես, որովհետև դու կարդում էիր ու ինքդ քեզ տեսնում էդ գրածների մեջ, էսօր էլ օրինակ տեսար ու ժամանակին էդ քեզ լավ հավեսով ցավեցնում էր, որովհետև հասկանում էիր, որ ամեն ինչ հա՛, երբեմն դաժան է ու պիտի էլ լինի դաժան ու դու ամեն օր ուրիշների տողերում ինքդ քեզ ես գտնելու, բայց էսօրվանից հասկանալու ես, որ մենակ չես, որ ուրիշների կյանքում էլ են դժվարություններ պատահում: Քեզ դժվար էր չէ՞ էդ սալաթն ուտելը, հիմա գոնե գիտակցելով կուտես, կամ չես ուտի, էդ ընտրությունն էլ թողնում ենք քեզ: ՈՒղղակի նայի՝ մարդիկ գրում են այն, ինչին հավատում են ու ինչն ուզում են փոխեն. Էսքան խոսեցինք, որ փոխես, որ ավելի ուժեղ լինես: Ի՜, մտքերս խառնեցիք իրար, հիմա էլ ի՞նձ եք թողնում ամեն ինչ, չեմ խաղում: Մենք հենց սկզբից էլ խաղում էինք բայց, ուղղակի մի քիչ լուրջ խաղ էինք խաղում:

Մի հարց էլ տամ ու գնամ. հիմա ի՞նչ, հավատու՞մ ենք: Միշտ էլ հավատացել ենք, մենակ թե վախեցել ենք ինքներս մեր ու դիմացինների մտքերից:
Մարիամ Սարիբեկյան, ԵՊՀ, 19 տարեկան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: