Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն

Category Archives: Գրականություն

Քաղաքի և անտառի միջև

Վերընթերցելով «Ուլիսես–3» մրցույթի առավել հաջողված պատմվածքները՝ ակամա որսացի ինձ այն մտքի վրա, որ բոլորն էլ, այս կամ այն կերպ, միևնույն թեմայի շուրջ են զարգացնում իրենց պատումը: Արժի ականջ դնել, թե ինչ են ասում պատանի հեղինակները.
«Քաղաքն այնքան սիրուն է պատուհանից, այնքան ամսագրային, որ սկսում եմ չպատկերացնել՝ ինչպես կարող է իմ նման գարշանքի ներառել» (Դելիրիում):

«Երևանյան մառախլապատ առավոտը ծանր նստեց սրտիս վրա» (Իմ փոքրիկ Հրաշք շնիկը):

«Այս փողոցը ժամանակին Աննաբել Սթրիթ էր կոչվում, այստեղ արև կար, բնություն, փայլ… Այդտեղ ժամանակին բոլոր մրգերը գունավոր էին, ոչ թե ներկայիս նման սև» (Գոսթ Սթրիթի ուրվականը):

«Հետո օրերն անցան, ինձ նոր դպրոց տարան, որը հեչ էլ դպրոցի նման չէր, իմ դպրոցը լրիվ ուրիշ էր: Բոլոր երեխեքի անունն էլ Նարե էր: Հետո պարզեցի, որ քաղաքի անունն էլ Նարե է, մարդկության անունն էլ, ու որ բոլորն էլ մուխանաթ են, ճենապակիով սնվող» (Կարմիր թշերով):

Եվ այլն: (more…)

Advertisements

«Վերջին Հրդեհը». ամեն ինչ կրակով պիտի փորձվի…

Գրիգոր Սարգսյանի «Վերջին հրդեհը» վեպը

«Անձրևը սկսվեց ապրիլի 7-ին և ահա արդեն չորս օր է, որ չէր ընդհատվում…».  սա էն գրքի առաջին տողերն են, որը դարձավ խթան այն բանի, որ ես փոխեմ կարծիքս ժամանակակից գրականության մասին: Գիրք, որի մասին շատ բան չես կարող ասել, որի վերնագիրը արդեն կանչող է… «Վերջին Հրդեհը»…Գիրքը ինձ նվիրեց Դպրոցական Բլոգը՝ պատմվածքի մրցույթի ամփոփման օրը:

Թեև 350 էջը էդքան էլ շատ չի, բայց գիրքը կարդացել եմ երևի մոտ 9-10 ամսում: Կարդում էի շա~տ դանդաղ՝ ամեն մի բառն ու տողը փորձելով հասկանալ: Իմ բոլոր կարդացած գրքերից(իսկ դրանք էդքան էլ անհաշվելի չեն) «Վերջին Հրդեհը» առանձնացնում եմ նրա համար, որ կարդում էի ոչ միայն քնելուց առաջ մի-երկու ժամ, մինչև քունս կտաներ, այլև՝ պատմության ու հանրահաշվի ժամերին(երբ բոլորը քնած էին), երթուղայինում(երբ բոլորը շտապում էին), ու նույնիսկ միացրած հեռուստացույցի առաջ(երբ հեռուստացույց ոչ ոք չէր նայում): Թվում է՝ եթե էսքան կարդում ես, պիտի որ 1 շաբաթը բավականացնի 350 էջից բաղկացած գիրքը ավարտին հասցնելու համար, իսկ ես դա արեցի 36 այդպիսի շաբաթների ընթացքում:

Գիտե՞ք, կան գրքեր, որոնք էնքան հետաքրքիր են թվում, ուզում ես անպայման մտնել էդ հերոսների կերպարների մեջ ու անպայման ապրել էն, ինչ ապրում են նրանք, բայց չի ստացվում, չես կարողանում անկեղծանալ հերոսների ու ինքդ քո հետ: Իսկ կան գրքեր, որոնք ոչ միայն հյուրընկալում են քեզ իրենց սյուժեում, այլ նաև չեն թողնում, որ դուրս գաս: Ու էս գիրքը հենց էդ տեսակի գրքերից է: Ու գրված էնքա~ն իրական ու էնքա~ն պատկերավոր, որ անընդհատ քեզ թվում է, թե իրոք քո քաղաքում էդպիսի բան է եղել(գրքում գրված է, թե ինչպիսի բան): Նույնիսկ մի անգամ հարցրի.

-Մամ, երբ ես դեռ ծնված չեմ եղել, էսպիսի բան եղել է՞ Երևանում: (more…)

Հրանտ Մաթևոսյան. «Կայարան»

Իններորդ դասարանի աշնանը ահա թե ինչ եղավ. մենք մի շոգ, քաղցր ու կոպիտ ամառով էլ էինք տղամարդացել, իսկ վարիչ և աշխարհագրության դասատու Դավթյանը, երկար աշխատանքի և ապահով կյանքի փափկության միջից, կիսաքնած, անհաղորդ մեր լավ սովորելուն, վատ սովորելուն, ուսուցիչների թաքուն ծիծաղին, նիրհի միջից մեզ ասաց.
-Ձեններդ կտրեցեք, մայմուններ:

Խոտհավաքին, գիշերը, դեզի տակից գուլպաներով հեռացավ կաղ ու անամոթ Սպանդարը, ապա, լուսնի մեջ, ելավ, մի պահ տագնապած սպասեց բարձր Լենան, և քայլ դրեց, իր երկար ու պինդ ոտքի քայլը, և այդ ոտնափոխի հետ վրա նստեց քնաթաթախ այրի Գինոն,- Հը՛, ո՞վ է, ի՞նչ կա:- Այդպես: Ամռանն այդ էր եղել, ես կարդացել էի Դեկամերոնը, անցյալ տարվա շորերն աղջիկների վրա նեղ էին գալիս, Իգնատիոսի Ջեմման դպրոցի ճանապարհին պայուսակը շպրտեց ինձ,- Մեր տուն կտաս,- ու կիրովականցի վարորդի հետ գնաց՝ դառնալու նրա կինը. շամուտեցի նիհարիկ Գարուշը փռած տեսել էր նոր ուսուցչուհու կրծկալը, մոխրականաչ աչքերով Անահիտը գլուխը դնում էր ափերին և նայում ու նայում էր ինձ,- իսկ ահա այդ Դավթյանն ասաց տարիքի ու փափուկ կյանքի ալարկոտությամբ. (more…)

Հրանտ Մաթևոսյան. «Նարինջ զամբիկը»

Հազար ինն հարյուր քառասունհինգին մեր գյուղը յոթ ազնվացեղ զամբիկ ու մի կատաղած հովատակ ստացավ՝ խտացնելու համար պատերազմի ժամանակ նոսրացած երամակը: Չեմ հիշում դրանց ինչ պատահեց (ես այն ժամանակ տասը տարեկան էի), մնաց մեկը, մի նարնջագույնը՝ հովատակի հետ, որ նույնպես նարնջագույն էր: Ենթադրում էին, որ այդ հովատակը այդ զամբիկի տղան է, և դա հաստատվում էր այն բանով, որ զամբիկը չէր ծնում:

Հազար ինն հարյուր քառասունվեցին աքսորից վերադարձավ Մեսրոպը:
-Աքսորն ի՞նչ է,- հարցրի ես Մեծ հորեղբորս:
-Անտառներ են, ամայի ձյուն է, մի հատ արջ ու արաղ:
Ես մտածեցի, մտածեցի և որովհետև արդեն հարցրել էի ուրիշներից ու գիտեի, թե ինչ է աքսորը, ասացի. (more…)

Հրանտ Մաթևոսյան. «Նժույգս, նժույգս»

Ես այն ժամանակ սիրահարված էի և ուզում էի կարծել, թե ամբողջ գյուղում միայն ես եմ հասկանում Փոքր հորեղբորս: Նա բանակում, Թիֆլիս, հինգ տարի ծառայելուց հետո եկել էր, արդեն երեք ամիս գյուղում էր և ձեռքը գերանդի չէր առնում: Նստում էր գրասենյակի բազրիքներին, ծխում էր, ձեռքերը գրպաններում կանգնում էր իրենց տան դռներին, ընկած խնձորն այգում ոտով մի կողմ էր նետում և կռանում էր սրբելու սապոգի քիթը: Շուտ-շուտ փոխում էր օձիքակարը, ուղղում էր գոտին և ձեռքերը գրպաններում դարձյալ գալիս գյուղամեջ: Կոլտնտեսության նախագահ Աբգարը կարծեց Փոքր հորեղբայրս պարծենում է գերազանցիկ գնդացրորդ և էլի մի երկու կրծքանշանով, և շապիկին Աբգարն ամրացրեց Կարմիր դրոշի շքանշանը, Փոքր հորեղբորս առջևից գնաց-եկավ, հետո կանգնեց նրա դեմ ու կուրծքն ուռցնելով ձգվեց թաթերի վրա: Եվ նետեց ու բռնեց կլոր կնիքը: Փոքր հորեղբայրս Աբգարից շատ էր բարձր, ուռուցիկ կոպեր ուներ, նեղ աչքերով վերևից նայեց Աբգարին և ուսերը կծկեց:
-Մի թևս խափան մարդ եմ,- ասաց Աբգարը և շարժեց բարակ, ուղիղ մատներով ձեռքը: (more…)

Հրանտ Մաթևոսյան. «Օգոստոս»

Անդրոն սայլ է սարքում. սռնին տաշի՝ լուծը պիտի խանձի. լծի ծակերն անելը րոպեի գործ է, բայց դեռ մի քանի ճաղ պակաս է: Տնաշեններն էնպես են բանեցնում, կարծես ամեն անգամ երկնքից է ընկնում: Ճիշտն ասած, լավ էլ անում են. աշխօրն աշխօր է, իսկ ահա ուրիշները չարչարվում են բաց արևի տակ: Իրիկունը պիտի գյուղամեջ իջնել, եզ խնդրել Սանասարից. փայտը սարում պիտի որ վերջացած լինի: Կգնա, կովերը կտեսնի, Աշխենը լավ մածուն կունենա, մածուն կուտի…

Այդ այդպես, շատ լավ, բայց սայլի առեղը Անդրոյին դուր չեկավ. դեռ ծառը կտրելիս էլ դուր չէր եկել. գլուխը, ոչինչ, հավաք ու կլոր էր, մինչև սռնին նույնիսկ գեղեցիկ էր, բայց սռնուց հետո Անդրոն ինչպես էլ տաշեց, մնաց դրսի վրա ծուռ: Պիտի շղթա գցել, լարել ու լարանի մեջ թողնել մի երկու օր:

Աշխենը ժամանակ-ժամանակ մեկ էլ ուրիշի կին է թվում: Ջահել աղջիկ ասես, ուրիշի կին ասես, ժամանակից ժամանակ Աշխենը քաղցրանում է. չես հասկանում ուր է պահում երկար լեզուն ու նայում է մարմանդ կրակի պես: Այ հա՜, լեզվիդ հախից էդպես կգանք: Աշխենը սարից իջավ, ինքը գյուղից բարձրացավ Մորու բացատ՝ խոտ կար, հավաքելու: Աշխենը շուտ էր իջել, առավոտ շուտ կովերը կթել էր, կաթը զտել ու իջել էր. ինքը գնաց տեսավ խոտը մի քիչ հավաքած է. տեսավ ծառի տակ մի կին է պառկած կողքի վրա: Ինքը հեռվից մեկ կարծեց էն լույս դառած Համոյի Սիրուշն է, մեկ էլ ինքն իր վրա ծիծաղեց. Սիրուշն այստեղ ի՞նչ էր անելու: Բայց որ… բայց որ Սիրուշը լիներ, ավելի լավ կլիներ: Բայց Աշխենն էր ուրեմն. կովերը առավոտ շուտ կթել էր, կաթը զտել ու իջել: Բացատը շոգ էր, Աշխենը մի թեթև քրտնած էր: Ինքը նայեց նրա կարմրած երեսին, հետո ուրեմն աչքերին, Աշխենը քնած էր ու, ազնվությամբ, քնած՝ իրեն բոլորովին նման չէր, կարծես ուրիշ լիներ: Կոնքը որ՝ շատ բարձր էր, կարծես էն լույս դառած Համոյի Սիրուշի կոնքը լիներ: Ինքը խոտի ծեղով նրա վզի հետ խաղաց ու ծիծաղեց: Իսկ նա չզարթնեց. կոպերը դողացին, ասաց «անբան դանդալոշ», բայց չարթնացավ, ու քնած-քնած էլ բռնեց իր վզից: Ախար և իբր քնած էր, և ժպտում էր ու այդպես էլ մինչև վերջ չզարթնեց: Հետո էլ աչքերը բաց պառկել էր ու մինչև ճաշ երկնքին էր նայում: Իսկ տեղից որ անշշուկ ելավ, էլի էն անքամակ Աշխենն էր, էլի էն հին կռվարարն էր. (more…)

Գիյոմ Ապոլիներ. «Ստվերը»

Դա կեսօրից քիչ առաջ էր: Առջևումս մի ստվեր տեսա: Բայց ի զարմանս ինձ` ստվերը տեր չուներ, այն քայլում էր ինքն իրեն: Սահում էր առաջ, շեղ փռվում` գետնին: Հասնելով մայթին, անսպասելի կոտրտվում էր, բաժանվում երկու մասի, ապա անցնելով պատի մոտով, ուղղվում էր հասակով մեկ, ասես մարտահրավեր էր նետում մեկին, հավանաբար արեգակին, քանի որ աշխարհը ոչինչ չէր ծածկում նրանից: Ես հետևեցի նրան և ճիշտ այն պահին, երբ մտնում էր մի ամայի, նեղ փողոց, ինձ թվաց, թե նա այդ կողմ գնաց առանց տատանվելու:

Բայց արդյո՞ք ժամանակը չէ նկարագրելու այդ ստվերը, ավելի ճիշտ` նրա ուրվագիծը: Հայտնի է, որ յուրաքանչյուր ստվեր անդադար փոխում է իր ուրվագիծը. մեկ ասես նիհարում է, անհամաչափ երկարաձգվում, մեկ, ընդհակառակն, այնքան է լայնանում, որ նմանվում է տակառի: Միայնակ ստվերը, որի մասին պատմում եմ, իր համեմատաբար կայուն վիճակով բացահայտում էր բարեկազմ մի երիտասարդի ուրվապատկեր. երբեմն խուսափուկ գծագրվում էին բեղի ծայրը, նուրբ կիսադեմը:

Փոքրիկ փողոցի վերջում հայտնվեց մի աղջիկ: Նա գալիս էր դիմացից, և ստվերը, հավասարվելով աղջկան, սահեց նրա մարմնի վրայով, ասես ուզում էր համբուրել: Աղջիկը ցնցվեց, արագ շրջվեց նրա կողմը, բայց ստվերը մի պահ ցոլաց ու անցավ` սուրալով անհարթ սալահատակի վրայով: Աղջիկը, որ ուներ տխուր ու համակերպված դեմք, բոլոր նրանց նման, ովքեր պատերազմում մարդ են կորցրել, դժվարությամբ զսպեց ճիչը, և ինձ թվաց, թե դեմքին բոցավառվեց ափսոսանքին խառնված ուրախություն… Հետո դեմքը նորից դարձավ թախծոտ, բայց աչքերը ագահորեն հետևում էին կապտավուն ստվերի սահուն շարժմանը: (more…)

Պատմվածքի մրցույթի մասին

ժյուրիի անդամներից Գրիգոր Սարգսյանը գրավոր ներկայացրել է իր կարծիքը մրցույթին մասնակցած բոլոր պատմվածքների մասին: Սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Իսկ պատմվածքի մրցույթի քվեարկությունը շարունակվում է: Բոլոր մրցանակակիրները հայտնի կլինեն միայն ավարտական միջոցառման օրը:

Ամփոփիչ խոսք

Շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և կազմակերպիչներին. այն կարելի է համարել կայացած: Դատում եմ ոչ միայն ներկայացված գործերի քանակից, այլև` որակական ու բովանդակային կողմից ելնելով: (more…)

%d bloggers like this: