Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Կյանքը հրաշք` է իր թերություններով հանդերձ

Կյանքը հրաշք` է իր թերություններով հանդերձ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,346 կտտոց

Սեպտեմբերի 1. առաջ չէի սիրում այս օրը, որովհետև նորից դասեր ու նորից դպրոց: Բայց այս մեկը չէի սիրում ավելի շատ, որովհետև պետք է տեղափոխվեի ուրիշ դպրոց: Ու ահա եկավ այդ սեպտեմբերի մեկը: Անգամ վախենում էի գնալ նոր դպրոց, նոր շրջապատ, նոր ընկերներ, պետք է փորձեի հարմարվել այս ամենի հետ:

Երբ մտա դպրոց, ապրեցի իմ առաջին հիասթափությունը: Մեր դպրոցն այնքան լավ էր կահավորված, իսկ սա ոնց որ բակ լիներ, այլ ոչ թե դպրոց: Մտա իմ դասարան ու բարևեցի բոլորին:

-Ձեր անունն ի՞նչ է:

-Նարե:

-Ինչո՞ւ որոշեցիր տեղափոխվել մեր դպրոց:

-Պարզապես այն դասարանը, որտեղ սովորում էի ինձ դուր չէր գալիս:

-Լավ, մենք քեզ աստիճանաբար կծանոթացնենք այս դպրոցի հետ, իսկ հիմա դասն սկսվեց, մի տեղ նստիր:

-Լավ:

Առաջին տպավորությունս իրեն չարդարեցրեց, որովհետև դպրոցն ինչքան էլ որ վատ էր կահավորված, այնուամենայնիվ այստեղ դասավանդում էին շատ լավ ուսուցիչներ, իսկ աշակերտների մասին խոսք չկար, որովհետև նրանք ինձ շատ լավ ընդունեցին: Անցավ երկու տարի:

Դպրոցն արդեն իմն էր դարձել: Ինչքա՜ն բան կատարվեց ինձ հետ այդ երկու տարվա ընթացքում: Ես մեծ առաջընթացներ ունեցա դպրոցում: Ես գտնվում էի բոլոր իրադարձությունների ու մարդկանց ուշադրության կենտրոնում:

Այս ամենը գնում էր իր բնական հունով, մինչև մի օր, երբ հասկացա, որ սիրահարվել եմ: Մեր դպրոցը մեզ շատ հաճախ հնարավորություն էր ընձեռում շրջել Հայաստանով ու ճանաչել այն: Մենք գնում էինք Երևանից դուրս ու մի քանի օր որևէ տեղում մնալով այստեղ նոր ընկերներ ձեռք բերում:  Այն տղան, ում հավանել եմ ու ում անունը չեմ տա, նույնպես գալիս էր այս էքսկուրսիաներին: Ես հասկացա, որ սիրահարվել եմ նրան ու չգիտեի, թե ինչ անեի: Այն, որ նա ինձ չէր սիրում դա պարզ էր, բայց ես էլ չէի կարող այդպես դիմանալ, որովհետև ամեն օր տեսնում էի նրան ու ամեն օր նա ինձ միայն բարևում էր: Անցավ մի քանի ամիս, երբ սկսեցի հասկանալ, որ խնդիրն իմ մեջ է ու սկսեցի ինքս ինձ մեղադրել նրանում, որ նա ինձ չի սիրում ու անգամ այդպիսի փորձեր չի էլ անում: Այդ մի քանի ամիսներն ինձ համար դարձան ամենա-ամենավատ ամիսները, որոնցից երբեք չէին եղել այս դպրոցում: Իմ ինքնագնահատականն իջավ, ես սկսեցի ամեն ինչում մեղադրել ինձ,  մինչև այն օրը, երբ փորձեցի ազատվել իմ գործերից, մենակ մնալ ու խոսել ինքս ինձ հետ:

-Կպատմե՞ս քո մասին, ի՞նչ խնդիրներ ունես,- հարցրեցի ինձ:

-Իմ միակ խնդիրը իմ ինքնագնահատականն է, որն օրեցօր իջնում է, երևի շուտով գետնին կհավասարվի:

Վե՛րջ: Որոշեցի՛: Հերիք է արդեն ինձ քննադատեմ, հերիք է արդեն ամեն օր ինձ վատաբանեմ ու ամեն օր ավելի ու ավելի իջեցնեմ իմ ինքնագնահատականը: Որոշել եմ.

Վա՛յ, ուշացա, պետք է շտապեմ դպրոց:

Սովորականի պես նստեցի դպրոցական ավտոբուսն ու ուղևորվեցի դպրոց` մի վայր, որի հետ այնքան երազանքներ ունեմ կապած, որից այնքան սպասելիքներ ունեմ: Մի քանի հարցերի շուրջ մոտավորապես մեկ ժամ մտածելուց հետո հասա դպրոց, որտեղ ինձ սպասում էին իմ ընկերուհիները, իմ ուսուցիչներն ու ուսուցչուհիները և, իհարկե, նա:

Նա, ում մասին մտածելով ու ոգևորվելով եմ գնում դպրոց: Հետո ամեն դասամիջոցին վազում միջանցք այն հույսով, որ նա շուտով դուրս կգա ու հանկարծ կտեսնի ինձ` սովորական մի աղջկա: Երևի նա նույնիսկ գլխի չի էլ ընկնում, որ համակրում եմ իրեն ու ամեն պատեհ թե անպատեհ առիթն օգտագործում եմ իր հետ խոսելու համար: Դպրոցում դասեր ու հույսով լի դասամիջոցներ: Հետո նորից տուն ու նորից զգում եմ, թե ինչքան միապաղաղ է անցնում իմ կյանքը, մեկ-մեկ ափսոսում եմ, որ ծնվել եմ, մտածում եմ, թե ինչ եմ անում ես այս աշխարհում, ինչու եմ ծնվել, ինչ եմ փոխում իմ ներկայությամբ, հետո նորից ինձ համոզում եմ հակառակը ու շարունակում իմ միապաղաղ կյանքը: Ու այսպես ամեն օր, ամեն օր ինձ մոտ գալիս է մի զգացմունք, որը, համոզում է, որ ես չպետք է ապրեմ, համոզում է, համոզում է, համոզում…

-Հիմա դե ասա, ես ի՞նչ անեմ:

-Սիրում ես մեկին ու չգիտես նա քեզ սիրում է, թե ո՞չ:

-Չէ, գիտեմ, հաստատ չի սիրում:

-Իսկ որտեղի՞ց…….

-Տեսնո՞ւմ ես` լռություն է, իսկ դա նշանակում է, որ մի հույս կա, դու սպանել ես քո մեջ հույսը, ամեն ինչ ասում ես հաստատ, առանց հաստատ իմանալու, բայց այդպես չի կարելի չէ՞ անել: Պետք է լավ մտածես, թե ինչ ես ասում, միգուցե քո միակ թերությունը միայն դա է: Նարե՛, միայն այն, որ ինչ-որ բաներ չափից ավելի համոզված ես ասում:

-Չէ, իմ թերությունն այն է, որ առանց մտածելու եմ խոսում ու միշտ հայտնվում եմ անհարմար իրավիճակների մեջ:

-Իսկ դու կուզենայի՞ր լինել այնպիսի մարդ, ով իր խոսքն ասում է այնպես, ինչպես որ իր միտքն է ուզում, ոչ թե հոգին, ով մտածում  է` ինչ ասել, ինչպես խաբել, հետո նոր է ասում իր խոսքը:

-Իհարկե ո՛չ:

-Ուրեմն դու այն մարդկանցից ես, ով ասում է իր խելքին եկածն ու իր համար նշանակություն չունի, թե իր մասին ինչ կմտածեն: Դու անկեղծ ես: Իսկ նա՞: Նա ընկերուհի ունի՞, թե՞ ոչ:

-Ինչքան գիտեմ` չունի:

-Ուրեմն հույսդ արդեն կորցրել ես` նրան գրավելու փոխարե՞ն:

-Ինչպե՞ս գրավեմ, ապա ինձ նայեք, ես մի տգեղ աղջիկ եմ, ում վրա ոչ ոք չի էլ նայի:

-Է՜, դու նորից սկսեցիր, արի՛ պայմանավորվենք, որ դու քեզ այլևս վատ բաներ չես ասի, համ էլ դու տգեղ չես, դու շատ գեղեցիկ ես, դու նաև խելացի ես: Այս ամենը նրանից է, որ դու արտահայտում ես ոչ թե  քո զգացմունքները, այլ ասում ես այն, ինչը ամեն երեկո համոզում ես քեզ:

-Չէ՛, ախր դա ճշմարտությունն է:

-Ճշմարտությունը հաճախ թաքնված է լինում, հատկապես այն ժամանակ, երբ ինչ-որ բան քեզ է վերաբերում, դու այն չես կարողանում տեսնել, այն տեսնում են ուրիշները ու քեզ ասում: Քեզ երբևէ քո ընկերուհիներն ասո՞ւմ են, որ դու լավն ես, կամ գեղեցիկ ես:

-Հա՛, ամեն օր: Ամեն օր ասում են, որ ես շա՜տ լավն եմ, բայց ես նրանց չեմ հավատում, գիտես ինչո՞ւ:

-Ինչո՞ւ:

-Ինձ թվում է` նրանք ինձ խղճում են, երևի գիտեն, որ ես ցածր ինքնագնահատական ունեմ, այդ պատճառով էլ այդպիսի բաներ են ասում:

-Կարծում եմ` մենք արդեն խոսել ենք այն մասին, որ չպետք է ասես այն, ինչը հաստատ չգիտես, հույսով եմ հասկացար, որ պետք չէ անտեղի ինչ-որ բաներ հորինել ու ասել, հասկացա՞ր:

-Հասկացա:

-Իսկ հիմա անցնենք մեր հաջորդ խնդրին, չե՞ս կարծում, որ սիրո մեջ կարևոր չի, դիմացինդ քեզ սիրում է, թե` ոչ, կարևորը դու ես, որ սիրում ես:

-Ո՛չ, իհարկե, ո՛չ, ախր ես էլ եմ ուզում սիրված լինել:

-Բայց, չէ՞ որ դու սեր ես տածում նրա հանդեպ, ու այստեղ կարևորը սերն է, դու ընդունակ ես սիրելու, իսկ դա նշանակում է, որ դու այնքան լավն ես, որ քո մեջից սեր է դուրս գալիս: Ինչո՞ւ ես տխուր, դու պետք է ուրախանաս, որ կարողանում ես սիրել, կարևոր չի` նա քեզ սիրում է, թե ոչ: Կարևորն այն է, որ դու սիրում ես ու այդ սերը քեզ թևեր է տալիս, քեզ ուրախացնում է, խենթ քայլերի  առաջ է կանգնեցնում: Մի՞թե այս ամենը հիանալի չէ:

-Հիանալի է:

-Դե ուրեմն բացիր աչքերդ ու մի տխրիր: Չէ՞ որ դու ունես ընկերուհիներ, ովքեր քեզ սիրում են, մի անձնավորություն, ում դու ես սիրում և համոզված եղիր, որ այս ցանկը կարող եմ էլի շարունակել:

-Իսկ սիրված լինե՞լը:

-Կարծում եմ, մենք այդ մասին արդեն խոսեցինք: Դու նրան չես ասել, որ սիրում ես, որովհետև չես համարձակվել: Այնպես չէ՞:

-Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է լինել այնպիսի մեկը, ով ցանկանա քեզ սեր խոստովանել, բայց չհամարձակվի:

-Երևի:

-Երևի չէ, այո՛, միշտ հիշիր, որ եթե ինչ-որ մեկը ծնվում է, ապա ծնվում է ինչ-որ մի բան անելու, մի բան փոխելու համար, ինչ-որ մեկին սիրելու համար, ինչ-որ մեկի կողմից սիրվելու համար: Մենք շատ բան չգիտենք, մենք փոքր ենք, իսկ մեր զգացմունքները մեծ, շատ մեծ: Մենք ատում ենք` չիմանալով, որ մեզ սիրում են, սիրում ենք` չիմանալով, որ ատում են, խոսում ենք` չիմանալով, որ ուրախություն ենք պատճառում ու լռում ենք` չիմանալով, որ ցավ ենք պատճառում: Մեր ամեն մի քայլից մի բան  է լինում, ու մենք երբեք չենք իմանում այդ մասին: Այնպես որ մի իջեցրու քո ինքնագնահատականը, որովհետև հնարավոր է դու այդպիսին լինես` ավելի չսիրված, քան հիմա:

-Ինձ թվում է, դու ինձ համոզեցիր:

Մոտավորապես մեկ ամբողջ գիշեր ինձանից պահանջվեց այս եզրակացությանը գալու համար: Մեկ արթուն գիշեր ես անցկացրի ինքս ինձ հետ, ինձ համոզեցի մի շարք հարցերում, ու, երբ բացվեց առավոտը, այն մի տեսակ այլ էր: Այս առավոտ ես տեսնում էի արևը, ջինջ երկինքը, մարդկանց, ովքեր սիրում են իրար, մարդիկ, ովքեր բոլորն էլ ունեին իրենց հոգսերը, բայց ցույց չէին տալիս դրանք:

Ա՜խր, կյանքը իր թերություններով ու վատ իրադարձություններով հանդերձ, չափազանց լավն է նրանից բողոքելու համար: Ա՜խր, մենք ծնվել ենք, մենք կա՛նք, իսկ դա արդեն հրաշք է: Մենք սիրում ենք, մենք սիրվում ենք, թեկուզ չենք իմանում դրա մասին: Չէ՞ որ մենք երազում ենք, մենք հույսեր ունենք և դա ևս հրաշք է: Մենք երգում ենք, ուրախանում ու տխրում, մենք զգացմունքներ ունենք, դա հրաշք է, հրաշք է նաև այն, որ մեզ կյանք է ընձեռնվել:

Մենք պետք է հուսանք, մենք չպետք է սպանենք մեր մեջ հույսը: Հույսը դա այն է, ինչը մեզ օգնում է ամեն մի դժվար պահին: Հույսն է, որ ստիպում է ինձ ասել.

-Ես ուզում եմ վայելել կյանքը, այն տրված է ինձ, ես եմ իմ կյանքի ղեկավարը, տնօրենը, ես ուզում եմ սիրել ու ես կսիրեմ, ես ուզում եմ երգել ու կերգեմ, ես ուզում եմ լինել ու կլինեմ, ես կսիրեմ  նրան, անկախ նրանից նա ինձ կսիրի, թե` ոչ:

Հաջորդ առավոտյան ես գնացի դպրոց միանգամայն այլ մարդ դարձած, այլ զգացմունքներով ու այլ խոհերով, կյանքին այլ աչքերով նայելով ու պատրաստվելով իմ ծննդյան տարեդարձն այլ կերպ ապրելուն:

Ահա և եկավ իմ ծննդյան օրը, թվում է`սովորական մի օր բոլորի համար ու նույնիսկ ինձ համար, գնացի դպրոց` դասի, անգամ չզգալով, որ ես մեծացել եմ արդեն մի տարով: Օր, որ սովորական էր մինչև այն, երբ եկավ նա, խնդրեց ուսուցչին, որ ես դուրս գամ դասից ու երբ դուրս եկա` լսեցի այնքան սպասված խոսքեր, որոնք ինձ պարզապես ապշեցրին:

Ահա թե որն է կյանքի գաղտնիքը` անել մի բան ու չսպասել փոխհատուցմանը ու այն անպայման կլինի: Մի ընկեք ճակատագրի հետևից, այն ինքը կգա ձեզ մոտ:

Լիանա Առաքելյան


5 Comments

  1. Գ says:

    ստի հոտ է փչում, խրատ է ոչ թե բլոգ

    Like

  2. admin says:

    բլո՞գ, թե պատմվածք՞՞

    Like

  3. Լիանա Առաքելյան says:

    Չգիտեմ, թե ինչու է Ձեզ մոտ այդպիսի տպավորություն թողել իմ պատմվածքը, բայց ուզում եմ նշել, որ իրադարձությունները իմ կյանքից են վերցված ու լիովին համապատասխանում են ճշմարտությանը:

    Like

  4. Լիանա says:

    գիտեք ես ինձ քննադատում էի ամեն օր սա հրաշալի պատմվածք էր կարծես թե ես ապրեցի այս ամենով ամեն ինչ այնքան լավ էր վոր կարծես ես ներկա եմ եղել

    Like

  5. […] Կյանքը հրաշք է իր թերություննեորվ հանդերձ, Լիանա Առաքելյան, Երևան […]

    Like

Leave a comment