Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Enter your email address to follow this blog and receive notifications of new posts by email.

Join 810 other subscribers

Ուլիսես-3 մրցույթի ամփոփում

IMG_2688

«Ուլիսես-3» գրական մրցույթի արդյունքները հայտնի են: Ժյուրին հետևյալ կազմով՝ գրող Գրիգոր Սարգսյան, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, իսպաներենի թարգմանչուհի Ալիս Տեր-Ղևոնդյանը և հեքիաթագիր Արմինե Անդան ընտրեցին հետևյալ ստեղծագործությունները.

Պատմվածք անվանակարգում երեք հեղինակ ստացան հավասար մրցանակներ

Գրին կամ իրական երևակայություն, Աստղիկ Առաքելյան

Կարմիր թշերով, Անի Ամսեյան

Դելիրիում, Մերի Շառոյան

Էսսե անվանակարգում մրցանակի արժանացավ Աննա Գսպոյանի Մեր ժամանակի հերոսը էսսեն, իսկ հեքիաթ անվանակարգում՝ Նորայր Զորյանի Չևիկներ հեքիաթը: «Սալաթ կրակոցներով» անվանակարգում մրցանակ ստացավ Մարիամ Սարիբեկյանի Ինքնազրույց կամ սալաթ մտքերի էսսեն: (more…)

Քաղաքի և անտառի միջև

Վերընթերցելով «Ուլիսես–3» մրցույթի առավել հաջողված պատմվածքները՝ ակամա որսացի ինձ այն մտքի վրա, որ բոլորն էլ, այս կամ այն կերպ, միևնույն թեմայի շուրջ են զարգացնում իրենց պատումը: Արժի ականջ դնել, թե ինչ են ասում պատանի հեղինակները.
«Քաղաքն այնքան սիրուն է պատուհանից, այնքան ամսագրային, որ սկսում եմ չպատկերացնել՝ ինչպես կարող է իմ նման գարշանքի ներառել» (Դելիրիում):

«Երևանյան մառախլապատ առավոտը ծանր նստեց սրտիս վրա» (Իմ փոքրիկ Հրաշք շնիկը):

«Այս փողոցը ժամանակին Աննաբել Սթրիթ էր կոչվում, այստեղ արև կար, բնություն, փայլ… Այդտեղ ժամանակին բոլոր մրգերը գունավոր էին, ոչ թե ներկայիս նման սև» (Գոսթ Սթրիթի ուրվականը):

«Հետո օրերն անցան, ինձ նոր դպրոց տարան, որը հեչ էլ դպրոցի նման չէր, իմ դպրոցը լրիվ ուրիշ էր: Բոլոր երեխեքի անունն էլ Նարե էր: Հետո պարզեցի, որ քաղաքի անունն էլ Նարե է, մարդկության անունն էլ, ու որ բոլորն էլ մուխանաթ են, ճենապակիով սնվող» (Կարմիր թշերով):

Եվ այլն: (more…)

Ուլիսես-3 շորթլիստ

«Ուլիսես-3» մրցույթի ժյուրին ներկայացրել է short list-ը, որտեղ ընդգրկվել են հետևյալ ստեղծագործությունները:

Ժյուրիի անդամները՝ քննարկելով բոլոր ստեղծագործությունները, նշեցին, որ խրախուսանքի արժանի բազմաթիվ ստեղծագործություններ կային, ինչպիսիք են, օրինակ, «Կրթագաղթ» էսսեն, «Հարստության ուժը» պիեսը, «Երկու աշխարհների արանքում» պատմվածքը և այլն, սակայն short list-ում ընդգրկելու համար ընտրվեցին վերոնշյալ ստեղծագործությունները:

«Ուլիսես-3» մրցույթին ներկայացվել է 47 ստեղծագործություն, որից 30 պատմվածք, 11 էսսե, 4 հեքիաթ և 2 պիես:

Ինքնազրույց կամ սալաթ մտքերի

Քաղաքը, որ փնտրում եմ, ձյուների տակ է,
Արեւի մեջ է ու ձյուների տակ…

Մար, այ Մար, հլը լսի, իսկ դու ի՞նչ քաղաք ես փնտրում, գիտե՞ս գոնե, թե ինչ է ուզածդ: Ըմ, երևի չէ, գիտե՞ս: Նայի, արդեն համարյա 20 տարեկան ես, համարյա 20, հլը մի քանի անգամ ինքդ կրկնի, 20 տարեկան, բայց ոչ գիտես, թե ի՞նչ ես ուզում, ումի՞ց ու ինչու՞, թե ի՞նչ քաղաք ես փնտրում, կամ գուցե գտե՞լ ես, հը՞ն: Չէ, չնայած ո՞ւմ եմ ի՞նչ ասում, քեզնից ի՞նչ քաղաք գտնող: Մարդիկ արև են ուզում, Հնդկաստան, ծաղիկներ, գարուն են ուզում մարդիկ, իսկ դու նստել ես մենակ տանը, վերուվար ես անում ֆորումներում ու սոցիալական կայքերում անընդհատ թարմացվող ու ոչինչ չասող գրառումներն ու նվիրում ես քեզ անգործությանը: Մար, լուրջ արի մի նորմալ գործով զբաղվի, օրինակ՝ կարդա: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ ժամանակակից հայ գրականություն էիր ուսումնասիրում, անխնա կարդում էիր բոլորին, կարծիքներ գրում, փիլիսոփայում, սիրած հայ ժամանակակից ունեիր, սիրած տողեր. հիմա ինչի՞ էլ չես հետաքրքրվում. Չե՞ս հավատում էլ գրականությանը:

Չգիտեմ՝ հավատում եմ, թե չէ, բայց մոտենում եմ համակարգչին ու փորձում մի բան գտնել. ինձ էլ, ինչպես երևի շատերին ժամանակակից հայ գրականությունը սպառված է թվում. ի՞նչ պիտի ունենանք ասելու, որ դեռ չենք ասել: Իսկ դու հլը փորձի կարդաս, կիմանաս՝ միգուցե իրո՞ք ունենք մի բան ասելու, համ էլ՝ ասելիքներ միշտ էլ կան, ուղղակի պիտի ճիշտ ասողին լսես: Ի՞նչ ես է փիլիսոփայում, լավ կլինի կարդաս մի երկու բան, վերջապես հասկանանք՝ հավատա՞նք: (more…)

Կրթագաղթ

Նպատակներս լցրեցի ուսապարկիս մեջ, երազանքներս գրկեցի ու գնացի համալսարան: Երկու տարի առաջ դեռ չգիտեի, որ ուսապարկս լցված ավելորդ գրքերը դուրս են շպրտելու նպատակներս, իսկ երազանքներիս փոխարեն հիասթափություններս եմ գրկելու:

Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում եմ սովորում, ընթացքում էլ փոխանակման ծրագրով մի կիսամյակ հասցրի ԱՄՆ-ում լինել: Մինչև ԱՄՆ գնալն էլ էի հասկացել, որ համալսարանն ամենևին էլ այն չէր, ինչ ես էի պատկերացնում, սակայն վերադարձիցս հետո հիասթափություններն ավելի ուժեղ էին:

Չեմ կարող չնշել, որ ֆակուլտետս համալսարանի լավագույններից մեկն է, եթե ոչ ամենալավը: Էստեղ կաշառակերություն չկա, դասախոսների մեջ գերակշռում են լավ մասնագետները, մոխրագույն հասարակությունից տարբերվող ուսանողներ կան, բայց դա չի փրկում ընդհանուր ողբերգությունից:

Դռներից ներս մտնելուն պես հանդիպում ես պատերի մոտ խումբ-խումբ կանգնած, երբեմն էլ` պպզած, «քյառթու» դասակարգին պատկանող տղաներին: Չենք մոռանում նրանց ձեռքին ծխախոտ, իսկ բերանին` հայհոյանքներ պատկերացնել: Առաջին հարկում նույնիսկ մի լսարան կա, որը ես պաշտոնապես «բիսեդկա» եմ հռչակել, քանի որ ամեն անգամ էնտեղ դասի գնալիս ծխախոտի մնացորդներ ու բլոտի համար հարմար դասավորված սեղաններ ենք գտնում: (more…)

Արտագաղթ

Ասում են` պանդխտելը հայի ճակատագիրն է:

Ասում են` հայերը գաղթական ազգ են, ու հայկական գաղթօջախներն ստեղծվել են դեռևս չորրորդ դարում:

Ասում են` հայերն են հորինել «Որտեղ հաց, էնտեղ կաց» առածը:

Այսպես ազգագրագետները, քաղաքագետները, հոգեբաններն ու սոցիոլոգները, իրար հերթ չտալով, իրար խառնված, օրեցօր ահագնացող արտագաղթի պատճառներն են որոնում, վերլուծում, փորձում բացատրություններ տալ, ինչու չէ նաև առաջարկություններ անել, բայց լուծում դեռևս չկա:

Բոլորն անհանգիստ են ու մտահոգ, որովհետև արտագաղթն ահռելի չափերի է հասնում, որովհետև այն կորստաբեր է, ամայացնող ու ավերող:

Արտագաղթ է, ու Հայաստանից հեռանում է հայ մարդը, ով արդեն հինգ հազար տարի է` ապրում է այս հողում: Հնագույն ազգերից շատ քչերին է բախտ վիճակվել անցնել դարերի միջով, մեռնել ու վերստին հարություն առնել: Շատ քչերն են մտել 21-րդ դար, և այդ քչերից մեկը հայ ժողովուրդն է, որ իր հողի վրա է ապրում այսօր և ունի անկախ պետականություն: Բայց այսօր նա հեռանում է իր հայրենիքից, առանց ափսոսալու թողնում է իր հայրենիքը, ծնողներին, հարազատներին: Նա հապճեպ վաճառում է բնակարանը, տարիներով ձեռք բերած տուն ու տեղը ցաքուցրիվ անում ու գնում` օտար երկրներում բախտ որոնելու և լավ ապրելու հույսով: (more…)

Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակության մեջ

Կյանքը պայքար է, կռիվ, ապրելու և գոյատևելու մենամարտ: Գոյության կռիվը, պայքարը ամենուր է և ամենքի մեջ: Գոյատևելու համար իրար ոչնչացնում են կենդանիները, իսկ մարդ արարածը….. Չգիտեմ, թե ինչու, բայց այս կռիվը չէր լինի, եթե աշխարհում արդարություն լիներ, լիներ մարդկային խիղճ, բարոյականություն…

Ահա այսպես է ուրվագծվում հայ հասարակության մեջ ադրբեջանցու կերպարը. որկրամոլ, հրեշ, գազան, այլազան, զզվելի, գարշահոտ, անբարոյական, սրբապիղծ ու այլանդակ: Սա, թերևս, ամենանուրբ բնորոշումն է ադրբեջանցու, որը կարողանում է հոշոտել մի ամբողջ մարդկային ցեղ, կարմիր ներկել դաշտեր ու արտեր (հայի արյունը նրա համար լոկ պարարտանյութ է իր զավթած տարածքները բերրիացնելու համար. չէ՞ որ նա մտածում է միայն իր շահի, իր ունեցվածքը բազմապատկելու, գուցե քառապատկեու մասին):

Ո՞վ է ադրբեջանցին: Մարդ, որ ունի ապրելու իրավունք, բայց ոչ` մեռցնելու, ունի մարդկային զգացմունքներ, ունի մարդուն բնորոշ գութ: Սա նույնպես ադրբեջանցու կերպար է: Բայց վերջին տարբերակը հազվադեպ է: Դա տեսնում է ամբողջ աշխարհը: Իսկ աշխարհում միշտ հաղթում է չարը, ուժեղը, հզորը: Դու պիտի հաղթող լինես, դու պիտի ուժեղ ու հզոր լինես: Բայց միշտ չէ, որ հզորը հաղթում է, քաջն ու անվախն է հաղթում: Քեզ հաղթելու, քեզ նվաստացնելու համար ինքդ ես մեղավոր, որովհետև պիտի այնպես անես, որ քեզ հետ հաշվի նստեն, պիտի քեզանից վախենան, դու ահ ու սարսափ պիտի շնչեցնես: (more…)

Նատյուրմորտ

Քննության էի: Պիտի նատյուրմորտ նկարեի. նկարչականում սովորելու տարիներին ամենադժվար առաջադրանքն էր ինձ համար,քանի որ բացարձակ ցանկություն չունեի նկարելու հասարակ ծաղիկներով, մրգերով,ձկներով պատկերներ կամ որևէ այլ «հասարակ»-ություն: Ես բնույթով ամենևին հասարակ չէի: Սեր, ոգեշնչում էր պետք, բայց հոգիս անհասկանալիորեն դատարկ էր: Ինձ համար դա միայն քննություն չէր, այլամենադժվարն էր, որը պիտի հաղթահարեի: Իմ նատյուրմորտը չպետք է լիներ սովորական, այն պիտի լիներ ավելի, քան արտասովոր:

Որոշեցի պահել օրագիր` կյանքի օրագիր, որտեղ պիտի գրեի ոչ թե առօրյաս, այլ իմ մտքերն ամեն ինչի վերաբերյալ, և հենց այդպես էլ կոչեցի` «Խոհեր ամենի մասին»: Սկզբում սկսեցի օրագրիս պատմել իմ մասին. «Իմ խորհրդավո՛ր օրագիր, անունս Լյուսի է` 20 տարեկան, ապրում եմ մենակ, չունեմ ծնողներ…»:

Ու լռեցին բառերս: Սկսեցի խորհել` էլ ի՞նչ կհետաքրքրի որևէ մեկին բացի անունիցս, ու դադարեցի գրել ինքնակենսագրականս…

Առաջին խոհականս մարդ արարածի մասին էր: Փոքրիկ ենթավերնագիր գրեցի` «Մարդիկ զոմբիներ են», ու սկսեցի շարադրել. «Մարդկանց կյանքը հաճախ անիմաստ է, միապաղաղ: Հենց այդ կյանքն էլ նման է զոմբիների կյանքին: Աննպատակ կյանքը տանում է դեպի մահ, և շնչել, գոյատևել չի նշանակում լինել ողջ»: (more…)